Այն, որ կառավարության առաջարկած «Հարկային նոր օրենսգրքի նախագծից շահառուները գոհ են, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն այսպիսի ապացույց է բերում. «18 տարի ԱԺ-ում եմ եւ չի եղել Հարկային օրենսգրքի որեւէ փոփոխություն, որ գործարար աշխարհին մոտիկ կանգնած որեւէ մեկը դեմ քվեարկի: Նման բան չի եղել: Եթե մեկը հիշում է՝ թող ասի»:
Բայց ինքը՝ Հակոբ Հակոբյանը կառավարության նախագծից դժգոհ է: Նա սոցիալական տեսանկյունից անդրադարձավ Հարկային օրենսգրքին. «Լավ, էս օրենսգրքի ընդունման արդյունքում աղքատությունը կշատանա՞, թե՞ կնվազի: 3 տոկոս տնտեսական աճը 1 տոկոս աղքատության նվազում է նշանակում: Աշխատող 400 հազար մարդկանց եկամուտները չեն փոխվելու, մնալու են նույնը: Ամբողջ աշխատավարձի շեմը կգնա դեպի ներքեւ, մինչեւ 220 հազար: Մեր երկիրը սպասարկման երկիր է, արտադրության երկիր չի: Արտադրության մեջ չի կարելի թաքցնել աշխատավարձը, բայց սպառման ոլորտում կա: Այն հաշվարկը 70-80 մլրդ-ը, որ մենք պետք է հավաքենք՝ երբեք չենք հավաքելու: Առաջին տարին իմ հաշվարկով կհավաքվի 40-50 մլրդ, հետո չի հավաքվելու, աճ չի լինելու, կգնա նվազում: Սա նշանակում է, որ աղքատության շեմին մոտիկ 400 հազար մարդ կլինեն վտանգավոր գոտում արդեն: Օրինակ, 220 հազարը 4 հոգանոց ընտանիքի համար 4 X 55 հազարն է: Ապրելու են նվազագույն աշխատավարձի մակարդակով: Հետեւաբար, օրենսգիրքը չի նպաստում աղքատության խնդրի լուծմանը՝ անկախ այն բանից՝ տնտեսությունը աճ կունենա, թե չի ունենա»:
Հակոբ Հակոբյանի համար անհասկանալի է՝ եթե մեր սպառումը պակասում է, ինչպե՞ս են այդ պարագայում հարկային բեռն ավելացնում. «Երբ պարոն Միրումյան, դուք հիմնավորում եք, որ 115 հազար ԱԱՀ-ի արտոնությունների դեպքում շուկայում անհավասարություն է ստեղծվում, ապա հարցս հետեւյալն է՝ արդյոք այդ անհավասարությունը, որ գտել եք այստեղ, ուրիշ տեղեր չկա՞ն, որ դուք չեք անդրադառնում:
Ամենամեծ անհավասարությունը 40 տոկոս գնային տարբերությամբ սկսում է սահմանի վրա, երբ որ մեկի համար նույն ապրանքը հսկիչ գինը կարող է դառնալ՝ գին + 20 տոկոս, մյուսի համար՝ գին -20 տոկոս: Էնպես չի, որ դուք ասում եք՝ մենք ոչինչ չգիտենք: Ուզում եք՝ քամեք, ուզում եք՝ մի քամեք, բայց փողը պիտի վերցնեք աշխատող մարդուց: Եթե ուզում եք աշխատող մարդիկ շատ լինեն՝ պետք է լինի հավասարություն: Չաշխատող մարդը հարկ չի տալիս, բերեք աշխատողները շատացնենք: Հիմնական նպատակը պետք է լինի աշխատողների շատացնելը, մենք դա անո՞ւմ ենք այս օրենսգրքով՝ ոչ, որովհետեւ այն տրամաբանությունը, որը դուք դրել եք՝ չի աշխատելու»:
Կարդացեք նաև
Իր ելույթի վերջում նա դիմեց կառավարությանը. «Ինչո՞ւ մենք մեր հարկատուին չենք հարգում, ցանկացած քայլին՝ այսքան տույժ, տուգանք, սա հարգելու ձեւ է, չէ՞: Չի՞ լինի դուք գնաք աշխատեք, մենք գանք հարկային հիմա»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Գալուստ Սահակյանը խիստ անհանգստացած է ՀՀԿ խմբակցության անդամների այս քննադատություններով: Նա, ըստ մեր տեղեկությունների, հորդորել է գործարար պատգամավորներին հավաքել եւ զրուցել նրանց հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ