Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջանում թենիսի կորտերի ու սաունաների փոխարեն կարելի էր իսրայելական դրոն գնել». Արամ Սարգսյան

Հունիս 14,2016 13:26

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը համոզված է, որ իմաստ չուներ 90 միլիոն դոլար ծախսել երկու ուսումնական կենտրոններ կառուցելու համար, փոխարենն այդ գումարներով կարելի էր 20 հատ իսրայելական դրոն գնել:

Մինչ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հպարտորեն նշեց, թե բյուջեի կատարողականը ԱԺ-ում միաձայն ընդունվել է, պարոն Սարգսյանը հարց բարձրացրեց, թե արդյոք որքանո՞վ էր նախատեսվել բանակի ամրությունն այս բյուջեում:

Այս խնդրի վերաբերյալ պարոն Ավետիսյանը պարզաբանեց. «Այսօր այդ խնդիրը չկա, որ անպայման պետք է բյուջեի հոդվածներում փոփոխություն անենք և գումարներ նպատակաուղղենք բանակին: Այս պահի դրությամբ, այն, ինչ բյուջեով հատկացված է բանակին, բավարարում է լուծել բանակի առաջ դրված խնդիրները»:

Արամ Սարգսյանը մեջբերեց ռուս հոդվածագիր Անդրեյ Արեշեւի այն դիտարկումը, թե որքանո՞վ էր նպատակահարմար 90 միլիոն դոլար ներդնել երկու ուսումնական կենտրոնների կառուցման համար, այդ դեպքում, երբ Հայաստանն այդ գումարով կարող էր զենք գնել: Այս առիթով պարոն Սարգսյանն ասաց. «Իբր միջազգային կենտրոնը Դիլիջանում պետք է դրամաշնորհով կառուցվեր, բայց եթե պիտի կառուցվեին մեր գումարներով, ապա դրա նպատակահարմարությունը ո՞րն էր Դիլիջանում սաունաներ, ռեստորան ու բարեր, թենիսի կորտեր կառուցել, այն դեպքում, երբ այդ գումարները բյուջեի համար մեկ տարվա դեֆիցիտն է: Հիմա էլ էլի բյուջեն լցնելու համար ժողովրդին քերթում են: Ինչ ասես չեն հնարում»:

Քննադատելով բյուջեի կատարողականը` պարոն Սարգսյանը նկատեց. «Բյուջեի դեֆիցիտը մեծ էր, մի քանի անգամ այն փակելու համար գնացին վարկ վերցրին: Սա վկայում է այն մասին, որ տնտեսական քաղաքականություն չկա, որը չի տեսնում հեռանկար, արտադրության անհրաժեշտություն: Անգամ Արարատյան դաշտավայրում հողերը համատարած չեն մշակվում»:

Սուքիաս Ավետիսյանը խորհուրդ տվեց բանակի հետ կապված խնդիրները չկապել բյուջեի հետ ու արդարացավ, թե «արձագանք եղել է և՛ անձերի, և՛ կոնկրետ պատասխանատուների առումով»:

Դառնալով վարկ վերցնելու քննադատություններին` պարոն Ավետիսյանը պարզաբանեց, թե «վարկեր ենք վերցնում ոռոգման համակարգերի կառուցման, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, միայն առանձին դեպքերում բյուջեի դեֆիցիտը փակելու համար»:

Արամ Սարգսյանը հակադարձեց. «Ընկել ենք աշխարհով մեկ փող ենք հավաքում, որ բանակի կարիքները հոգանք, որ մի հատ հեռադիտակ գնենք, սա՞ է մեր բյուջեի հնարավորությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930