Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Կարծում եմ՝ Մոսկվայի նման արձագանքը մենք ենք թույլ տվել. «168 ժամ»

Հունիս 14,2016 12:51

Հարցազրույց Երեւանի Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, վերջերս քաղաքում մի քանի արձաններ տեղադրվեցին, որոնք տարբեր շրջանակների կողմից քննադատության արժանացան։ Իսկ Ռուսաստանը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով՝ քննադատության սլաքն ուղղեց դեպի Գարեգին Նժդեհի արձանը՝ նշելով, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ։ Հայկական կողմից էլ կարծիքներ էին հնչում, թե արձանը նման է Պյոտր Առաջինին, և այլն։ Ի՞նչ կարծիք ունեք արձանի մասին, և ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Մոսկվայից նման հայտարարություն հնչում։

– Նժդեհի արձանն ինձ դուր չի գալիս իր գեղարվեստական կատարումով՝ անկախ նրանից՝ ում է նման, ում նման չէ, անկախ ընտրված վայրից։ Այստեղ յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունները, ես կգերադասեի՝ ավելի ազատ տեղում տեղադրվեր այդ արձանը, ավելի սիմվոլիկ լիներ, որովհետև Նժդեհի իմաստը մեզ համար՝ որպես Հայաստան պահպանողի, շատ ավելի կարևոր է, քան պարզապես մայրաքաղաքում ինչ-որ պուրակում տեղադրված արձանը։ Սա գեղագիտության հարց է։

Ցավոք, այն բոլոր արձանները, որոնք այսօր տեղադրվում են Երևանում, շատ հեռու են 21-րդ դարի քանդակագործությանը ներկայացվող գեղագիտական պահանջներից։ Իսկ այն, որ Մոսկվան արձագանքում է, իսկ Հայաստանի տարբեր պաշտոնական օղակներ փորձում են արդարանալ, ինձ համար այդ արդարացումներն ավելի զարմանալի են, քան Մոսկվայի արձագանքը։ Դա բացարձակապես անընդունելի է։ Կարծում եմ՝ Մոսկվայի նման արձագանքը մենք ենք թույլ տվել։ Մենք այնքան շատ ենք թույլ տվել, որ Մոսկվան խառնվի մեր բոլոր գործերի մեջ, այդ թվում և՝ ներքին, որ արդեն իրեն իրավունք է վերապահում տալ գնահատական, թե ում արձանը կարելի է դնել, ումը՝ ոչ։

Իմ կարծիքով՝ Գարեգին Նժդեհը հայոց պատմության մեջ, բացի նրանից, որ հերոսական անձնավորություն է, նաև ողբերգական անձնավորություն է։ Մի մարդ, որ ամենաշատը մտահոգված էր Հայաստան պետությունը պահպանելու մտքով, գաղափարով, և երկու ավազակների մեջ, երբ կայացնում էր ընտրություն՝ դեպի ավազակներից մեկը, սա չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմից ևս ավազակներ էին։ Գուցե սխալվում էր իր հաշվարկների մեջ Նժդեհը, որ Գերմանիան կհաղթանակի, Հայաստանի Հանրապետությունը կվերականգնի իր անկախ պետականությունը, բայց այդ սխալը գնահատելու համար պետք է որոշակի ժամանակ անցներ, պատմություն անցներ, որ մենք դա հասկանայինք։

Նժդեհի օրինակն առանձնահատուկ չէ, շատ և շատ երկրներում (և՛ նախկին սովետական, և՛ Արևելյան Եվրոպայի, և ոչ միայն), կային մարդիկ, որոնք հանուն իրենց երկրի անկախության, պետականության վերականգնման՝ համագործակցում էին Վերմախտի հետ։ Սա ուրիշ հարց է։

Որքան գիտեմ՝ Նժդեհը որևէ ռազմական հանցագործությունների մեջ թաթախված չի եղել։ Եվ այդպես միանշանակ, այդպես բռի ձևով գնահատել այս արձանի կառուցումը՝ որպես նացիզմի պրոպագանդա, կարծում եմ, մեղմ ասած, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Էլ չեմ ասում, որ կոպիտ ասած՝ բացարձակապես ձեր գործը չէ։

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930