Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարության ներկայացուցիչ. «Մանկատներում գտնվող 660 երեխաներից 520-ը լուրջ առողջական խնդիրներ ունեն» (Տեսանյութ)

Հունիս 14,2016 12:47

Հունիսի 14-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում քննարկում էր կազմակերպվել՝ կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների համար խնամքի այլընտրանքային ծառայությունների վերաբերյալ։

Միջոցառման տեղեկատվական առիթը երկու շաբաթ առաջ Կառավարության կողմից՝ երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչների ու կարգի հաստատումն էր։ Ըստ նոր կարգի՝ սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ եւ գիշերօթիկ դպրոցներում։ Նախապատվությունն էլ այսուհետեւ տրվելու է ընտանեկանին մոտ ձևերին ՝ որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին եւ միայն դրանց անհնարինության դեպքում՝ թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում։

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ բարեկեցիկ երկիր լինելու համար Հայաստանին անհրաժեշտ է բոլոր զավակների ներուժը, մինչդեռ նրա խոսքով, ոչ բոլորի ներուժն է օգտագործվում առողջապահական ծառայությունների ոչ մատչելիության, հատուկ հաստատություններում գտնվելու, աղքատության եւ այլ պատճառներով:

erexa2Տիկին Ռադոչայը փաստեց, որ եթե 10 տարի առաջ ՀՀ խնամքի տարբեր ծառայություններում 11 000 երեխա կար, 2015-ին այդ թիվը կրճատվել է 75%-ով հասնելով՝ 3500-ի: Նրա ձեւակերպմամբ, նպատակը հին խորհրդային տիպի հաստատությունների փակումը չէ, այլ յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատականացված խնամք իրականացնելը: «Որեւէ երեխա աղքատության կամ այլ պատճառով չպետք է տեղավորվի խնամքի հաստատությունում, երբ կարելի է աջակցություն ստանալ ընտանիքում»,-նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Իսկ հաշմանդամությամբ ծնված երեխայի հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերելը, նրա կարծիքով սխալ եւ հնացած է: Տիկին Ռադոչայը բերեց անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի օրինակը, ասելով. «Ես Հոքինգի մասին հաճախ եմ մտածում, եթե նա ծնված լիներ Արեւելյան Եվրոպայի երկրներից մեկում, աշխարհը հաստատ զրկված կլիներ նրա հզոր մտքի արդյունքներից»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանն էլ նշեց, որ վերջին տարիներին իրականացվել են բարեփոխումներ, որոնց նպատակը երեխաների՝ ընտանիքներում ապրելն է: Ասաց նաեւ, որ վերակազմակերպվել են մի շարք հաստատություններ, այժմ կա ընդամենը 6 պետական մանկատուն, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ գործող 4 մանկատներից 2-ն էլ փակվել է:

Տիկին Հայրապետյանը վստահեցրեց, որ Հայաստանում զարգանում է խնամատար ընտանիքների ինստիտուտը, նման ընտանիքներին պետությունը 130-140 հազար դրամ է տրամադրում` պայմանավորված երեխայի առողջական վիճակով: Նա ափսոսանք հայտնեց, որ ընտանիքներն ավելի շատ ցանկանում են իրականացնել այնպիսի երեխաների խնամք, որոնք զարգացման խնդիրներ չունեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի վկայակոչած տվյալներով՝ այժմ մանկատներում գտնվող 660 երեխաներից 520-ը լուրջ առողջական խնդիրներ ունեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930