Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենի չսիրած ուսուցչուհու դասասենյակի հոսանքն անջատել են

Հունիս 14,2016 13:30

«Առավոտին» է դիմել Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Աղունիկ Խաչատրյանը (լուսանկարում), որը 30 տարի է՝ աշխատում է այդ դպրոցում: Տիկին Խաչատրյանի պատմելով՝ իր եւ դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի «ջուրը» նույն առվով չի գնում: Ֆրանսերենի ուսուցչուհին ասում է, որ մշտապես միջադեպեր են լինում, ու արդեն իր համբերության բաժակը լցվել է: Նրա ձեւակերպմամբ, տնօրենն իրեն անընդհատ խնդիրների առաջ է կանգնեցնում, որոնք պարբերաբար հաղթահարում է, իսկ ամենավերջինն այն էր, որ լարված հարաբերությունների պատճառով կրճատել է իր դասաժամերը եւ զրկել դասղեկությունից:

Եվ սա այն դեպքում, երբ իր վկայությամբ, սիրված ուսուցչուհի է, լավ մասնագետ, իր կազմակերպած ֆրանսերենի միջոցառումներին երկու անգամ դպրոցը տարբեր տարիների հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանների: «Տնօրենի վրա բազմաթիվ բողոքներ կան, սակայն դպրոցից ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել այդ մասին: Կոնկրետ ես բարձրաձայնեցի, ու հիմա խնդիրներ ունեմ»,- ասում է Աղունիկ Խաչատրյանը: Ինչ վերաբերում է իր ժամերի կրճատվելուն, միայնակ անչափահաս երեխա մեծացնող ուսուցչուհուն պատճառաբանել են, թե դպրոցը փոքր է, ժամեր չկան, սական այլ ուսուցիչների հավելյալ ժամեր են տրամադրել:

Աղունիկ Խաչատրյանը չի դիմել Մասիսի քաղաքապետարանի կրթության վարչություն, մտածում է, որ միեւնույն է՝ ոչինչ չի փոխվի, քանի որ, իր կարծիքով, տնօրենը զորավոր կապեր ու հովանավորներ ունի «վերեւներում»: Պատմում է, որ դպրոցից անընդհատ աշակերտներին տեղափոխում են այլ դպրոցներ, պատճառը, ըստ նրա, տնօրենի կառավարման անարդյունավետությունն է: «Վերջերս անստորագիր նամակ էր եղել իր դեմ, դրա համար նույնիսկ ժողով արեցին ու ինձ էլ բան չասացին: Դասատուներից մեկն եկավ հարցրեց՝ թե երդվի, որ դա դու չես: Բայց ես երբեք անոնիմկա չեմ գրի, եթե ինչ-որ բան սխալ լինի, կբարձրաձայնեմ»,- պատմում է մեր զրուցակիցը: Նա նշում է, որ մինչեւ վերջերս տնօրեն Նարինե Բարսեղյանի ամուսինը խառնվում էր դպրոցի գործերին, խնդիրներ առաջացնում, ինքը ստիպված է եղել նույնիսկ ոստիկանություն դիմել:

«Ոստիկանություն դիմելուց հետո իր ոտքը կտրվեց դպրոցից»,- վկայում է Աղունիկ Խաչատրյանը, ասում, որ մի անգամ էլ իր դեմ են ստորագրություններ հավաքվել ճնշման տակ, թե իբր դժգոհ են: Բայց եղել են ծնողներ, որ համարձակություն են ունեցել չստորագրել: Ֆրանսերենի ուսուցչուհու պնդմամբ, նման ծնողների երեխաները ցածր են գնահատվել հետո:

Ուսուցչուհին տարակուսած է՝ եթե ինքը վատ մանկավարժ է ու վատ մասնագետ, ինչու են պատասխանատու միջոցառումները իրեն վստահվում. «Ֆրանսերեն միջոցառում եմ կազմակերպել, որտեղ ներգրավված են եղել ազգային փոքրամասնություններ, ներկա է եղել նաեւ Ֆրանսիայի դեսպանը, մեր դպրոց երկու անգամ դեսպան է մտել, երկու անգամ էլ իմ միջոցառումների շնորհիվ, վերջերս էլ Երեւանի պետական համալսարանում Ֆրանկոֆոնիական միջոցառումների փակմանը մեր դպրոցն է մասնակցել, միջոցառմանը հանդես է եկել նաեւ սայլակով տեղաշարժվող երեխա: Գիտե՞ք իր հետ փորձերը ոնց ենք արել՝ հեռախոսով: Բարձրախոսը միացրած ես սովորեցրել եմ իրեն ու միջոցառումից բոլորն էին տպավորված»:

Աղունիկ Խաչատրյանը նաեւ նեղսրտել էր, որ իր հետ լարված հարաբերությունների պատճառով իր ավարտական դասարանին արգելել էին «վերջին զանգ» կամ «վերջին դաս» անցկացնել, էլի ստիպված է եղել զանգահարել «թեժ գիծ», անգամ դպրոցի դռներն են փակել իր առաջ: Այնուամենայնիվ, «վերջին դասը» կայացել է, սակայն, ուսուցչուհու հավաստմամբ, տնօրենը սպառնացել է երեխաներին, թե «քննություններին կտեսնեք, թե ինչ կանեմ, ձեր դասղեկն ինչո՞ւ է «թեժ գիծ» զանգել»:

Մեր զրուցակցի պնդմամբ, տնօրենի հրահանգով անգամ իր դասասենյակի հոսանքն են անջատել: «Իր համար սուրճ դնելու լույս կա, ողջ դպրոցում միայն իմ դասասենյակում լույս չկա»,- ասում է նա:

«Առավոտը» կապվեց Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի վերադասի՝ Մասիսի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Հասմիկ Գասպարյանի հետ: Տիկին Գասպարյանը խոստացավ, որ բարձրացված խնդիրները կուսումնասիրվեն ու համապատասխան եզրակացություն կկատարվի: Պատրաստ ենք ներկայացնել նաեւ տնօրենի տեսակետը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի:

 

«Առավոտ»

14.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930