«168 ժամ»-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում», «Ռեքս» գործակալությունների սյունակագիր Ստանիսլավ Տարասովը
– Պարոն Տարասով, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը նման կոշտ կերպով ընդունվեց Մոսկվայի կողմից, հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանում արդեն իսկ կան Գարեգին Նժդեհի անունով հրապարակ, փողոց, մետրոյի կայարան, կիսանդրի։ Ինչո՞ւ է Մոսկվան ընդհանրապես քննարկում Երևանում արձանի տեղադրման հարցը, միջամտում հայ հերոսների պատմական ընկալման հարցերին։
– Ռուսաստանում և Սովետական Միությունում կա ընկալում, համաձայն որի՝ Գարեգին Նժդեհը ծառայել է Ֆաշիստական Գերմանիային Երկրորդ Համաշխարհային պատերազմի, Մեծ Հայրենական պատերազմի տարիներին։ Դա փաստ է։
Հաշվի առնելով այն, որ Մոսկվան ներկայումս սկսել է պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների դեմ, այս ամենի գաղափարական տեսանկյունից՝ դիտարկում է այն նույն երևույթների կրկնությունը, որը մենք նկատում ենք Ուկրաինայում՝ պայմանավորված բանդերականության հետ։
Կարդացեք նաև
Հարցը հուշարձանը չէ, հարցն այն է, որ այդ անվան շուրջ նման նշաձողը, ինչպես բանդերականները՝ Ուկրաինայում, այնպես էլ՝ Հայաստանում, մայդանական սցենարի ներուժ ունի։ Սա առաջին պատճառն է։
Իհարկե, մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի պատմության սեփական ընկալումը, այն անպայմանորեն չպետք է նույնացվի սովետականի հետ։ Սակայն մենք հիշում ենք, որ Հայաստանը՝ լինելով սովետական հանրապետություն, ռուսների, ԽՍՀՄ մյուս ազգերի հետ պայքարել է Մեծ Հայրենական պատերազմի օրերին և կրել մեծ կորուստներ։ Եթե ռուսներն ինչ-որ կերպ պահպանվել են, ապա հայերի համար այդ կորուստները, 1915թ. Ցեղասպանությունից հետո, լուրջ հարված են եղել գենոֆոնդին։
Մենք հասկանում ենք, որ Նժդեհի արձանը մեկ օրում չեն պատրաստել, այն քանդակել են երկար ժամանակ, բայց երբ արձանի կողքին կանգնած է հայկական ծագմամբ ռուս մարշալի արձան, ապա այստեղ առաջանում են լուրջ հարցեր՝ չի՞ հանդիսանում այս ամենը որոշակի գաղափարախոսության վերակենդանացում, որը ներկայումս առկա է Արևմուտքում։
Այս տեսանկյունից Մոսկվան իր կարծիքն է հայտնում՝ հաշվի առնելով այն, որ եթե Ուկրաինան ՀԱՊԿ անդամ չէ, ԵՏՄ անդամ չէ, զարգացման բոլորովին այլ ուղղություն է ընտրել, Հայաստանն այդ կառույցների անդամ է, ուստի այն քաղաքական գործիչների կերպարների վերակենդանացումը, որոնք համագործակցել են Ֆաշիստական Գերմանիայի հետ, նշաձող է, հնարավորություն՝ Եվրոպայի հետ ինտեգրացիայի համար։ Այս դեպքում մեզ մոտ հարցեր են առաջանում ի՞նչ է կանգնած այս ամենի հետևում։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում