Հունիսի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Երևանի պարարվեստի պետական քոլեջի հաշվետու-ավարտական համերգը:
Քոլեջի աշակերտների, ուսանողների, ինչպես նաև 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտների մասնակցությամբ համերգի առաջին բաժնում ներկայացվեց Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի երրորդ գործողությունը, երկրորդ բաժնում կատարվեցին հայ և այլ ժողովուրդների պարեր՝ Ազատ Ղարիբյանի, Վանուշ Խանամիրյանի, Նորայր Մեհրաբյանի, Հովհաննես Խաչիկյանի, Սրբուհի Բաբայանի բեմադրություններով:
«Հաշվետու-ավարտական համերգը մեր քոլեջի պարտադիր միջոցառումներից է: Մենք մեր բեմն ունենք քոլեջում, բայց, ավանդույթը վերականգնելով, վերջին երեք տարիներին Օպերային թատրոնի բեմում ենք անցկացնում համերգը: Բոլոր դեպքերում, այս բեմում լինելը շատ ավելի պատասխանատու է ու ճիշտ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը:
Նա վստահեցրեց, որ քոլեջի «Դասական պար» և «Ժողովրդական պար» բաժինների նկատմամբ հավասարաչափ հետաքրքրություն կա. «Պարզապես, դասական պարի բաժին տասը տարեկանից են հաճախում, և հիմնականում ծնողներն են բերում, իսկ ժողովրդական պարի բաժին ավելի մեծ տարիքում են ընդունվում, երբ արդեն իրենք էլ կարող են ընտրել: Բայց շատ ծնողներ կան, որ, երեխային բերելով, ասում են՝ շատ է սիրում բալետը, դրա համար բերել եմ»,- նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից Սոֆյա Գևորգյանը, օրինակ, միշտ է սիրել բալետը: Մայա Պլիսեցկայան, Դիանա Վիշնևվան, Ժակլին Սարխոշյանն ու Ռուբեն Մուրադյանը նրա սիրելի պարողներն են:
«Մենք ընտանիքով Լեհաստանում էինք բնակվում: Այնտեղ մեկ ամիս բալետի գնացի, շատ սիրեցի: Հայաստան վերադառնալուց հետո հայրիկս բերեց Պարարվեստի քոլեջ: Մինչև այդ էլ էի սիրում բալետը, բայց չէի ընկալում այն որպես մասնագիտություն: Հենց սկսեցի սովորել, հասկացա, որ ուզում եմ այդ մասնագիտությամբ շարունակել»,- ասաց Սոֆյան:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ