Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանի համար հասկանալի չէ՝ ինչպես կարող է Թուրքիայի քաղաքացին Գերմանիայի սահմանադրական դատարանում վիճարկել Գերմանիայի Բունդեսթագի ընդունած որոշումը:
Հիշեցնենք, որ թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը չեղարկելու համար իրավական գործընթաց է սկսել:
Նա համապատասխան հայց է ներկայացրել է Գերմանիայի Սահմանադրական դատարան:
«Հաջողություններ արձանագրելու մասին խոսակցությունները վաղաժամ են, որովհետեւ քննարկման հարթակում տեղեկությունները ամբողջական չեն, թուրքական տեղեկատվական հոսքերը կարող են հանրությանը հրամցնել այնպիսի տեղեկություններ, որոնք այս պահին ոչ ամբողջական են կամ չափազանցված»,- ասաց պարոն Նորիկյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՄԱԿ—ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածին, որին հղում է անում թուրք փաստաբանը, Նորայր Նորիկյանը շարունակեց. «Դրանք բոլորովին այլ իրավական ընթացակարգեր են ենթադրում ու լուծման այլ մեխանիզմներ, մեկը մյուսի հետ համադրելի չեն: Իմ տպավորությամբ սա Թուրքիայի կողմից քաղաքական ժեստ է, որով փորձում են նսեմացնել Բունդեսթագի ընդունած որոշումը, որը բացի այն, որ իրավական փաստաթուղթ է, ավելի շատ քաղաքական բաղադրիչ պարունակող փաստաթուղթ է, որը ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի՝ 1948 թվականին ընդունած ցեղասպանությունների կանխարգելման որոշման հետ: Բացի դա իրավիճակը հասկանալու համար պետք է Գերմանիայի սահմանադրական դատարանի իրավասություններն ուսումնասիրել, այստեղ ավելի քիչ իրավաբանություն կա ու ավելի շատ՝ քաղաքականություն: Բացի դա պարզ չէ՝ Թուրքիայի անձինք վիճարկում են բանաձեւի օրինականությո՞ւնը, գտնում են, որ բանաձեւը հակասահմանադրական է, ճիշտ չեմ էլ հասկացել նրանց ձեւակերպումը: Իրենք ինչ խնդիր են դրել, Թուրքիայի այս կամ այն ուժերը կարո՞ղ են դիմել Գերմանիայի սահմանադրական դատարան, պետք է հավելյալ ուսումնասիրենք հարցը, որովհետեւ չեմ կարծում՝ Թուրքիայի որեւէ քաղաքացի կարող է դիմել Գերմանիայի սահմանադրական դատարան՝ վիճարկելու այդ երկրի Բունդեսթագի ընդունած իրավական ակտը կամ դիրքորոշումը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ