Հունիսի 11-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը Իսկիայում ներկա գտնվեց «Իսկիայի բարեկամներ» ընկերակցության կողմից կազմակերպած հանդիսավոր միջոցառմանը:
Նպատակ ունենալով ամրապնդել ու խթանել հայ և իտալացի ժողովուրդների միջև պատմական խոր ակունքներ ունեցող բարեկամությունը և ի գնահատանք Իտալիայում բարգավաճ և կենսունակ հայ համայնքի դարավոր ներկայության և Իտալիայի զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև նկատի ունենալով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան նախատեսվող առաջիկա այցելությունը, Ընկերակցության կողմից որոշում էր կայացվել «2016թ. պաշտոնական հյուր» մրցանակը շնորհել Հայաստանին:
Դեսպան Բաղդասարյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, հակիրճ ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունների ներկայիս փուլը, մեծապես կարևորեց երկու երկրների միջև բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը, այդ թվում՝ առևտրատնտեսական, զբոսաշրջիկային և մշակութային ոլորտում:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Իսկիայի տեղական իշխանությունների ղեկավարները, հասարակական ու մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Տեղեկանք՝ «Իսկիայի բարեկամներ» ընկերակցությունը հիմնվել է՝ նպատակ ունենալով խրախուսել կղզու մշակութային, զբոսաշրջիկային և գործարար միջավայրը և նպաստել այդ ոլորտները ներկայացնող տարբեր երկրների ներկայացուցիչների հետ կապերի ամրապնդմանը:
ՀՀ ԱԳՆ