Այսօր պաշտոնական այցով Գյումրիում էր Վաշինգտոնի նահանգապետի տեղակալ Լիզա Հարփերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ տիկինն ասաց, որ Գյումրին աշխարհի այն մասն է, որի մասին քիչ տեղեկություններ ունի, սակայն տպավորված է թե՛ այս քաղաքի ճարտարապետությամբ, թե՛ մարդկանց հյուրընկալությամբ, պատրաստակամությամբ ու առատաձեռնությամբ:
Հյուրը խնդրեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտոնական հրավեր ուղարկել Վաշինգտոնի նահանգապետին ու Օլիմպիա քաղաքի քաղաքապետին սեպտեմբերին ամսին Գյումրու տոնին մասնակցելու համար: Նա ասաց, որ Վաշինգտոն վերադառնալուն պես կապվելու է Օլիմպիայի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ ԱՄՆ-ի այս քաղաքի ու Գյումրու միջեւ հետագա հարաբերություններ ստեղծելու համար: Սամվել Բալասանյանն էլ իր հերթին հիշեցրեց, որ Գյումրին կապ ունի նաեւ ԱՄՆ-ի Ալեքսանդրիա քաղաքի հետ:
«Գյումրի այցելելու կարեւոր նպատակներից մեկն այն է, որ ես ուսումնասիրեմ «Կումայրի» արգելոցի տարածքը ու որոշակի կառույցներ: Այս տարի արդեն ծրագիր է գրվում 2017 թվականին արգելոցի որոշ շենքեր վերականգնելու համար: Երբ վերադառնամ ԱՄՆ, ամեն ինչ անելու եմ, որպեսզի վերականգնվեն «Կումայրի» արգելոցի որոշ կառույցներ: Հուսով եմ աշխարհը կճանաչի ձեր քաղաքը, ես ձեր պատմությունը ինձ հետ ԱՄՆ եմ տանելու», -ասաց տիկին Հարփերը:
Կարդացեք նաև
Սամվել Բալասանյանն էլ նկատեց, որ «Կումայրի» արգելոց թանգարանի մեջ մտնում են նաեւ մասնավոր տներ, եւ որ արգելոցի վերականգման շուրջ ինքը զրուցել էր նաեւ Եվրամիության դեսպանի հետ: Գյումրու քաղաքապետը Լիզա Հարփերի հետ խոսեց նաեւ Քիմ Քարդաշյանի մասին, ասաց, որ նրա պապերը Գյումրիից են, կատակեց, թե Գյումրիի կողմից բարեւեք Օբամային:
Լրագրողների հետ զրույցում էլ Վաշինգտոնի նահանգապետի տեղակալն ասաց, որ Գյումրի եկել է Եվրոպայում շրջագայությունից հետո, ու այս քաղաքը փոխել է իր կյանքը: Նա ասաց, որ պատմական կառույցների վերականգումը մեծ գումարների հետ է կապված, երկար ժամանակ կպահանջի, բայց կան մարդիկ, որոնք ցավում են այս տարածաշրջանի համար ու պատրաստ են ցուցաբերելու իրենց օգնությունը: «Կարելի է տարածաշրջանի հին էներգիան զգալ Գյումրու պատմական, հին փողոցներով քայլելով: Շատ եմ տպավորված եմ «Կումայրու» շենքերի ճարտարապետությամբ»,- իր տպավորություններով եւս մեկ անգամ կիսվեց Լիզա Հարփերը:
Նա հայտնեց, որ այս տարի ԱՄՆ-ից Գյումրի են գալու մասնագետներ, իսկ այժմ դրամաշնորհային ծրագիր է գրվում 2017 թվականին Գյումրու շենքերը վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ «Կումայրի» արգելոցը Գյումրու պատմական դեմքն է, կենտրոնն է, որի մեջ մտնում են նաեւ մասնավոր տներ: Կումայրին աշխարհի 100 անհետացող թանգարան-արգելոցներից մեկն է: Արգելոցի մեջ մտնում են 1800-ականներից ժառանգություն մնացած 1000-ից ավելի կառույցներ:
«Կումայրի» պատամաճարտարապետական արգելոց թանգարանը հիմնվել է 1980 թվականին՝ պատմական շենքերը պահպանելու նպատակով: Ու չնայած օրենքով արգելվում է շենքերի ձեւափոխությունները, այդուհանդերձ շատերը հասցրեցին խաթարել որոշ կառույցների տեսքը:
«Կումայրի» արգելոցի լուսանկարները՝ ըստ https://hy.wikipedia.org/wiki/-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Օրենքով արգելվո՞ւմ է շենքերի ձեւափոխությունները, ու չնայած դրան, այդուհանդերձ շատերը խաթարե՞լ են որոշ կառույցների տեսքը: Թող հարկադրանքով ստիպեն վերականգնել նախկին տեսքը: Որտեղ պետք է ուժ եւ օրենք կիրառել ահավոր են «խեղճանում» մեր պետական կառույցները, իսկ այտեղ, որտեղ անձնական շահ ունեն պաշտոնյաները օրենք էլ կշրջանցեն, նոր օրենք էլ կհորինեն, քաղաքացուն էլ բոմժ կդարձնեն: