Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում հրապարակվեց Մհեր Ենոքյանի՝ 20 տարի առաջ ոստիկանությանը տված հարցազրույցը. (Տեսանյութ)

Հունիս 13,2016 19:40

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 13-ին շարունակվեց սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ բողոքի հիմք է հանդիսացել ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակումը եւ բլոգեր Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունը: 

«Մհեր Ենոքյանի հասարակական գործունեությանը ես էլ եմ հետեւում վերջին տարիներին, ու կարծիք ունեի, որ եթե օրենքով կա հնարավորություն որոշակի ժամանակ հետո ազատ արձակվել, մարդը միջոցներ է ձեռնարկում հասարակության մեջ այլ կերպար ձեռք բերելու, ինչի՞ չանի որ: Բայց հիմա Մհեր Ենոքյանն ասում է այս նույն դատավճիռը ես էլ եմ բերել, այս դատավճռում նման բան չկա, մենք աչքիս  երկու տարբեր դատավճիռների մասին ենք խոսում»,- ասաց պաշտպանական կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը:

Նա որպես ճառ ընթերցեց 1996 թվականին Մհեր Ենոքյանի նկատմամբ ընդունած վճիռը. «Ենոքյանը եւ Հարությունյանը շահադիտական նպատակով սպանել են Իոսիֆ Աղաջանովին: Ո՞նց են սպանել …»: Սակայն, Մհեր Ենոքյանը առարկեց. «Սա քրեական գործը չէ քաղաքացիական գործ է զրպարտության վերաբերյալ: Խնդրում եմ ներկայացրեք, որ դատավճռով Մհեր Ենոքյանը դիակը մասնատել է կտոր-կտոր է արել, խնդրում եմ ներկայացրեք, որ Իոսիֆ Աղաջանովը եղել է 17 տարեկան»:

Դատավորը ընդհատեց Ենոքյանին՝ նշելով, որ Ալեքսանդր Սիրունյանը ներկայացնում է իր վստահորդի շահերը եւ պետք չէ նրան ուղղորդել: Ալեքսանդր Սիրունյանը շարունակեց. «Նախկին գերագույն դատարանը հաստատված է համարել՝ Մհեր Ենոքյանը իր ընկերոջ հետ Աղաջանովին սպանել են դանակով եւ (ընդ որում, ես չեմ խախտում «Լեզվի մասին» օրենքը) «ռազվոդնոյ կլյուչով», դիակը ազգականներին հանձնելու համար նախատեսել են ստանալ 20 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, դիակը սպանությունից հետո պայուսակով տարել են համապատասխան վայր, ծածկել քարերով եւ այլն, եւ այլն, եւ այլն …

-Սիրունյան

Պայուսակը հատուկ նախապես գրել են 7000 դրամով: Հարգելի՛ դատարան, հիմա գանք նրան, ինչի այս մասին առանձնահատուկ պետք է լռեր մեր հայցվորը, բայց ինքը չորրորդ դատական նիստն է դրա վրա շեշտ է դնում՝ չեն կտրտել: Հարգելի՛ դատարան, մարմնի վրա հայտնաբերվել են 18 վնասվածքներ, ընդ որում վիզը կտրած, աչքը հանած»:

Մհեր Ենոքյանը հայտարարեց, որ Ալեքսանդր Սիրունյանը սուտ է խոսում եւ պահանջեց ապացույցներ տրամադրել: Սիրունյանը ասաց, որ այդ ամենի մասին Մհեր Ենոքյանը շատ հանգիստ վիճակում հարցազրույց է տվել ոստիկանությանը:

Դատական նիստի ընթացքում հրապարակվեց նաեւ այդ տեսանյութը: Մհեր Ենոքյանը նշեց, որ ծանոթ չէ այդ տեսանյութին. «Եթե տեսականորեն ընդունենք, որ սա մոնտաժ չէ, եւ ի՞նչ: Դուք ինքներդ ապացուցեցիք, որ զրպարտել եք ինձ. դիակը չի մասնատվել, իսկ պարանոցի վերքն էլ Արամ Հարությունյանն է հասցրել նույն դատավճռով, Մհեր Ենոքյանը ինչ կապ ունի: Ի դեպ, դիակի լուսանկարը ես եմ ներկայացրել դատարանին՝ որպես ապացույց, որ չի մասնատվել»:

Բողոքի դատաքննությունն ավարտվեց, որոշումը կհրապարակվի հունիսի 27-ին:

Մհեր Ենոքյանը դատարանից խնդրում է Նարեկ Մալյանին պարտադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային հերքել իր վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաեւ որպես փոխհատուցում հայցվորին վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը, այսինքն՝ 2 միլիոն դրամ: Իսկ Իզաբելլա Աբգարյանին պարտավորեցնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հերքել Մհեր Ենոքյանի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Մանրամասները` տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930