Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանը պնդում է, թե վնաս են հասցրել իր հեղինակությանը (Տեսանյութ)

Հունիս 13,2016 18:15

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 13-ին շարունակվեց սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր  Ենոքյանի բողոքի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Մհեր Ենոքյանն ասաց, որ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը եւ քաղաքացի Իզաբելլա Աբգարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր անձի վերաբերյալ հրապարակել են այնպիսի փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են իր պատիվը եւ արժանապատվությունը:

«Պատասխանող Նարեկ Մալյանը ոստիկանապետի խորհրդականն է, այսինքն՝ պետական պաշտոնյա եւ պետք է ցուցաբերեր զսպվածություն եւ զերծ մնար չստուգված, իրականության հետ որեւէ աղերս չունեցող տեղեկություն տարածելուց: Մինչդեռ հենց Նարեկ Մալյանը սկսեց շրջանառել զրպարտություն, սուտ լուրեր, որոնք դիտավորություն են եւ ուղղված են իմ անձի դեմ:

Բացի այդ՝ Նարեկ Մալյանը, լինելով ՀՀ ոստիկանության աշխատակից, իր մեկնաբանություններով կարող է ազդել հասարակական կարծիքի վրա: Նրա մեկնաբանությունները, գրառումները կարող են լայն զանգվածների կողմից ընկալվել որպես ՀՀ ոստիկանության կարծիք, դիրքորոշում, պատասխան, ինչպես նաեւ ստուգված, հաստատված փաստ, ինչը այս տարիներին էլ ավելի է վնաս հասցնում իմ անձին, հեղինակությանը եւ հասարակության մոտ առաջացնում սխալ պատկերացումներ»,- ասաց նա:

Մհեր Ենոքյանը նշեց, որ եթե ինքը լիներ ազատության մեջ, ապա կփորձեր հանդիպել Նարեկ Մալյանին, Իզաբելլա Աբգարյանին, ասել, որ նման բան չկա, սակայն բանտում ինքն այլ ելք չունի, քան դիմել դատարան. «Ես խնդրում եմ, որ խտրականություն չլինի՝ անկախ նրանից, որ ես դատապարտված եմ, ունեմ արժանապատվություն, պատիվ, հեղինակություն, սա նույնպես վիրավորական է, որ բանտում գտնվող մարդուն, որը չունի հնարավորություն տեսնել այդ մարդկանց, նայել աչքերի մեջ, հարցնել, պատասխան ստանալ: Կներեք, իմ կարծիքով՝ այսպես է ստացվում, որ հետեւից են հարված հասցնում, եւ այդ հարվածը զրպարտության ստի տեսքով է: Իմ կարծիքով՝ սա պարկեշտ մոտեցում չէ»:

Մհեր Ենոքյանը դատարանից խնդրում է Նարեկ Մալյանին պարտադրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային հերքել իր վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաեւ որպես փոխհատուցում հայցվորին վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը, այսինքն՝ 2 միլիոն դրամ: Իսկ Իզաբելլա Աբգարյանին պարտավորեցնել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հերքել Մհեր Ենոքյանի վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930