«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի կարծիքով` քննադատողները ճիշտ չեն ըմբռնել խմբագիրների հայտարարության իմաստը, որի միակ նպատակը բոլոր ԶԼՄ-ների համար հավասար պայմաններ ստեղծելն է։
Հիշեցնենք, որ մասնավորապես «Սիվիլնեթի» սյունակագիր Արմեն Գրիգորյանը մտահոգություններ էր արտահայտել, որ հայտարարության մեջ ամրագրված առաջարկները պարունակում են խոսքի ազատության սահմանափակման վտանգ:
Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Ալավերդյանը, անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին, ասաց. «Չնայած ինքս խմբագիրների հայտնի հայտարարության հեղինակներից չեմ, սակայն վերջին շրջանում տարբեր կայքերի եւ գործիչների, այդ թվում՝ ֆեյսբուքյան, հարձակումները հայտարարությունը ստորագրած ԶԼՄ-ների վրա ստիպում են պարզաբանել մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»։
Պարոն Ալավերդյանը մանրամասնեց. «Մենք ի սկզբանե գիտեինք, որ առաջարկները դիմադրության մեծ ալիք կբարձրացնեն, եւ դա բացատրելի է։ Բայց շատ ցավալի է, որ մեզ քննադատողների շարքում են նաեւ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում՝ նաեւ իմ կողմից շատ հարգված Արմեն Գրիգորյանը։ Իմ կարծիքով` նրանք ճիշտ չեն ըմբռնել խմբագիրների հայտարարության իմաստը, որի միակ նպատակը բոլոր ԶԼՄ-ների համար հավասար պայմաններ ստեղծելն է։ Կրկնակի ցավալի է նաեւ այն պատճառով, որ, երբ տարիներ առաջ Արմենը Մեդիամաքսի սյունակագիրն էր, մենք ջանք չէինք խնայում գրագողությունից պաշտպանել նաեւ նրա սյունակները»։
Կարդացեք նաև
Պարոն Ալավերդյանը զարմանք հայտնեց, թե ստացվում է, որ խմբագիրներին քննադատողները խոսքի ազատության պաշտպաններն են ու հարց հղեց. «Ումի՞ց են պաշտպանում` «Մեդիամաքսի՞ց», «Հետքի՞ց», «Առավոտի՞ց», մյուսների՞ց։ Այսինքն, ըստ նրանց, մենք պետք է արդարանա՞նք հասարակության առջեւ եւ ապացուցենք, որ չենք կատարում իշխանության պատվե՞րը։ Ծիծաղելի է»:
Ըստ Դավիթ Ալավերդյանի`ներկայիս անվերահսկելի վիճակը ձեռնտու է առաջին հերթին հենց իշխանությանը։ Բոլորին հայտնի է, թե ովքեր են կանգնած տարբեր տեսակի «հարթակ»-ների, «անալիծիկ»-ների հետեւում․ դրանք ամենեւին էլ ընդդիմադիր ուժեր չեն եւ խոսքի ազատության հետ ոչ մի կապ չունեն։
Այնուհետև մեկ այլ խնդիր բարձրացրեց. «Իսկ ինչո՞ւ են նորաստեղծ կայքերն իրենց պարտքը համարում սկսել գրագողությունից, որովհետեւ նրանց աչքի առաջ է իրենց նախորդների «հաջող» փորձը։ Այդ դեպքում գուցե հենց դո՞ւք եք կատարում իշխանության պատվերը՝ մերժելով նման կայքերն օրինական դաշտ բերելու պահանջը: Իհարկե, սա կատակ էր։ Իսկ եթե լուրջ, ապա ԶԼՄ-ները պարտավոր են պաշտպանել սեփական շահերը, այդ թվում՝ առեւտրային (օ՜ զարմանք, ԶԼՄ-ները նաեւ առեւտրային շահեր ունեն, ո՞վ կմտածեր), իսկ իշխանությունները պարտավոր են հավասար պայմաններ ստեղծել ասպարեզի բոլոր խաղացողների համար։
Հայաստանում ԶԼՄ-ների համերաշխությունը, ինքնակարգավորման ձգտումը հազվադեպ երեւույթ է, եւ եթե այս անգամ մի շարք շատ տարբեր մեդիաների շահերը համընկել են, նշանակում է՝ դանակը հասել է ոսկորին, այլեւս դիմանալ հնարավոր չէ։ Այս «բեսպրեդելին» պետք է վերջ տալ․այդ կայքերը պետք է մտնեն օրինական դաշտ, իրենց ԶԼՄ հռչակեն, ենթարկվեն ՀՀ օրենսդրությանը, հարկեր վճարեն (ինչպես տարիներ շարունակ վճարում է Մեդիամաքսը) եւ ստանան օրենքով սահմանված իրավունքները»:
Պարոն Ալավերդյանը շեշտեց, թե հայտարարությունը դեռեւս օրենք չէ։ Մինչ դաշտն օրենսդրորեն կարգավորելը անհրաժեշտ են բազմաթիվ քննարկումներ մյուս գործընկերների, իրավաբանների, օրենսդիրների եւ փորձագետների հետ, պետք է ուսումնասիրվի առաջադեմ միջազգային փորձը, ի վերջո, փոփոխությունները չպետք է հակասեն ԵԽ նորմերին. «Միակ բանը, որ կարող եմ այս պահին 100 տոկոսով պնդել, այն է, որ մեր գործողությունների արդյունքում խոսքի ազատությունը չի տուժի, իսկ մամուլի ազատությունը միայն կավելանա, որովհետեւ իսկական ԶԼՄ-ներն ու հասարակությունը կազատվեն մի շարք «պարազիտներից» եւ ավելի ազատ կշնչեն։ Իսկ նրանց, ովքեր փորձում են նենգափոխել մեր գործողությունների իմաստը, խորհուրդ կտամ ինքնահաստատման այլ ասպարեզներ փնտրել։ Այստեղ որսալու բան չկա…»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից