ԷկոԼուր. Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի 9-ը համայնքներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է հողում և մայրական կրծքի կաթում ԴԴՏ-ի թույլատրելի նորմայի գերազանցում: Ուսումնասիրությունն իրականացրել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը:
Արմավիրի մարզի Խանջյան, Ջրառատ, Նորապատ, Արարատի մարզի Սայաթ–Նովա և Արագածոտնի մարզի Քուչակ համայնքներում մշակաբույսերի հողատարածքներից վերցված hողի 25 նմուշներից 11-ում ԴԴՏ-ի և դրա մետաբոլիտների մնացորդային քանակները գերազանցել են սահմանային թույլատրելի խտությունները /ՍԹԽ/ (0,1 մգ/կգ է) և տատանվել են 0,17 – 2,48 մգ/կգ սահմաններում:
Արարատի մարզի Դիտակ և Աբովյան, Արմավիրի մարզի Արշալույս և Հայթաղ համայնքներում կերակրող մայրերի կրծքի կաթի 26 նմուշներում դիտարկվել է ԴԴՏ-ի և դրա մետաբոլիտների, ՀՔՑՀ-ի և դրա իզոմերների, 2,4-Դ-ի թույլատրելի նորմայի գերազանցում:
«Այս վտանգավոր քիմիական պրեպարատները, քայքայելով և փոխարինելով իրենցով հորմոնները, ազդում են օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա և առաջացնում են այս կամ այն ախտանիշը: ԴԴՏ-ն քայքայիչ է, որը տարբեր բույսերի միջոցով անցնում է մարդու օրգանիզմ և շատ դժվարությամբ է դուրս գալիս: Այն հատկություն ունի կուտակվելու թե տղամարդու, թե կնոջ մոտ և կարող է առաջացնել չբերություն», – ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Ներկայացնելով պատճառները՝ Լիլիկ Սիմոնյանը նշեց. «Հսկողությունը շատ թույլ է, գյուղացին մնացել է մենակ, բույսերի պաշտպանության գծով մասնագետներ չկան, խանութների մի մասը լիցենզավորված չեն»: