Լրահոս
Օրվա լրահոսը

«Բունդեսթագի բանաձեւում չի խոսվում Թուրքիայի կողմից հատուցման մասին». Արմեն Մարուքյան

Հունիս 13,2016 17:26

«Պահը հասունացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին եւ Գերմանիայի փամփուշտը կրակվեց հունիսի 2-ին»,-Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն այսպես է որակում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր` հունիսի 13-ին նա վկայակոչեց գերմանացի պատգամավորների մեկնաբանությունը. «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ատրճանակում այն փամփուշտն է, որը կրակելուց հետո դրա արդյունավետությունը վերջնականապես կորում է: Այդ փամփուշտը հարմար պահի պետք է կրակվեր»:

Մարուքյանի բնորոշմամբ` Բունդեսթագի նշյալ փաստաթղթի ընդունումը մինչեւ վերջին պահը կախված էր միգրացիոն ճգնաժամի շուրջ Մերկելի եւ Էրդողանի համաձայնությունից. «Եթե հաջողվեր հասնել համաձայնության, այս բանաձեւը չէր լինի, այսինքն, փամփուշտը կմնար ատրճանակի մեջ եւ կկրակվեր այլ պահի»:

Մարուքյանի խոսքով. ««Հոլոքոստը» ճանաչած Գերմանիան իր ընդունած բանաձեւում չի խոսում հատուցման մասին` այն մասին, որ Թուրքիան, իբրեւ նույնաբովանդակ հանցագործություն (նկատի ունի «Հոլոքոստը».-խմբ.) կատարած պետություն, պետք է հատուցի: Հատուցման գաղափարը բանաձեւում բացակայում է: Այսինքն, հարցը միայն բարոյական հարթության վրա է` ճանաչման սխեմայով»:

Պատմաբանի համոզմամբ` Հայաստանն անմիջապես պետք է մշակի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շրջանառումը Բունդեսթագում. «Երկաթը պետք է տաք տաք ծեծել, քանի դեռ գերմանաթուրքական հարաբերություններում լարվածությունը մեծ է»:

Արմեն Մարուքյանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում նաեւ հետեւյալ տեսակետը հայտնեց. «Եթե Իրանի հանդեպ կիրառված միջազգային ճնշումների կեսը կիրառվի նաեւ Թուրքիայի նկատմամբ, ապա հավատացած եմ` Թուրքիան շատ արագ կվերադառնա պատմական արդարության հողի վրա: Իրանը մի կերպ էր դիմադրում այդ «Էմբարգոներին»: Իսկ մեր նպատակն է` հասնել նրան, որ Թուրքիայի հանդեպ ճնշումները լինեն նպատակային»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930