Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ժողովուրդների մեջքի հետեւից ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում չի կարող ձեռք բերվել խաղաղություն». Անդրիաս Ղուկասյան

Հունիս 13,2016 17:19

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր բաց նամակ են հանձնել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակ՝ պահանջելով նախաձեռնել միջազգային հետաքննություն՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու կողմին բացահայտելու նպատակով։

«Տեսնում ենք՝ միջազգային հանրության մոտ չկա հստակություն՝ ով է պատասխանատու ապրիլի 2-ի պատերազմը նախաձեռնելու համար, բոլորիս պարտավորությունն է ամեն ինչ անել, որ բացահայտվի նախաձեռնության մեղավորը, պատասխանատուն: Այն, ինչ անում ենք այսօր մենք, պետք է աներ Հայաստանի Հանրապետությունը՝ ներկայացնելով ադրբեջանական ագրեսիայի բոլոր ապացույցները ՄԱԿ, ԵԱՀԿ: Քանի որ պետությունն այդ գործառույթը չի կատարում, քաղաքացիները ստիպված են եղել ինքնուրույն նախաձեռնել այդ գործառույթը »,- ասաց նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետական մակարդակով ՄԱԿ եւ միջազգային այլ կառույցներ չներկայացրեց ապացույցները, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետության ղեկը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք հետամուտ չեն միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելուն. «Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպումը Վիեննայում դրա վառ ապացույցն էր, երբ ի հայտ դարձավ, որ ԵԱՀԿ համանախագահող պետությունները հստակ դիրքորոշում չունեն՝ ով է պատասխանատու ապրիլի 2-ի ռազմական գործողությունները նախաձեռնելու համար: Մենք կարծում ենք՝ եթե Հայաստանի պետական մարմինները բնականոն աշխատեին, ապա նման իրավիճակ չէր ստեղծվի»:

Անդրիաս Ղուկասյանն իրենց պահանջը՝ ուղղված ՄԱԿ-ին, ուշացած չի համարում՝ հաշվի առնելով Ալիեւ-Սարգսյան առաջիկա հանդիպումը. «Նախագահների հանդիպումը սպասվում է մոտակա օրերին, եւ, ըստ էության՝ առանց հստակ մատնացույց անելու ապրիլի 2-ի ռազմական գործողությունների համար պատասխանատու կողմին, այդ բանակցություններից ակնկալել որեւէ դրական բան, հնարավոր չէ, որովհետեւ ժողովուրդների մեջքի հետեւից ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում չի կարող ձեռք բերվել տարածաշրջանում խաղաղություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930