«Այս փառատոնը երիտասարդների հասցեն է, այստեղից են նրանք իրենց նամակները գրում: Այստեղից է սկսվում վաղվա Հայաստանի մշակութային մի ողջ սերնդի ստեղծագործական կենսագրությունը, մուտքը հասարակական կյանք: Սա այն սերունդն է, որն աչքը բացել ու հասակ է առել անկախ Հայաստանում, այս ժամանակի բնակիչն է ու այս ժամանակի լեզվով է խոսում, նա է պատմելու իր ժամանակի պատմությունը»,- «Արտ ֆեստ-2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Հունիսի 12-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ամփոփվեցին «Արտ ֆեստ-2016»-ի արդյունքները: Փառատոնին այս տարի մասնակցում էին 16-30 տարեկան 430 ստեղծագործողներ Հայաստանից և արտերկրից: Հունիսի 2-ին մեկնարկած փառատոնը համախմբել էր նրանց թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն, բատիկ), դեկորատիվ-կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման ոլորտներում:
«Մինչև մրցանակ ստանալն այս երիտասարդներն իրենց համար հանգիստ ապրում էին,- շարունակեց Մուրադյանը,- հիմա նրանց կյանքը դժվարացավ, որովհետև հետագա ստեղծագործական ճանապարհին, ուզած-չուզած, պետք է ոչ թե մեզ, այլ իրենք իրենց ապացուցեն, որ այս մրցանակը պատահական չէր, տեղին էր ու դուռ է բացում դեպի հետագա հաջողություններ: Որևէ մեկին որևէ բան ապացուցել պետք չէ: Արվեստագետն ինքն իրեն պետք է ապացուցի: Երբ նա իրեն ապացուցած կլինի իր ով լինելը, այդ ժամանակ բոլորը կտեսնեն»:
«Հագուստի մոդելավորում» անվանակարգում Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Խաչատրյանը պատվոգիր ստացավ ազգայինը պահպանելու համար:
Կարդացեք նաև
«Մենք առօրյայում հաճախ ենք հանդիպում օտար երկրների խորհրդանիշներով հագուստներ կրող երիտասարդների: Իսկ հայկական մոտիվներով հագուստով մարդկանց հազվադեպ կարելի է տեսնել փողոցում: Դրա համար փորձել եմ հայկական տարրեր ավելացնել հագուստին: Ուզում եմ, որ մեր երիտասարդները հայկական մոտիվներով հագուստներ կրեն, բայց որ տեսքն ավելի նորաձև լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աննա Խաչատրյանը:
Գոռ Առուշանյանը, որը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի երրորդ կուրսի ուսանող է, պատվոգիր ստացավ լավագույն գեղանկարչական աշխատանքի համար: Ըստ նրա՝ նմանատիպ փառատոները հասարակության հետ հեշտ շփվելու փորձ են տալիս:
«Առաջին անգամ էի մասնակցում «Արտ ֆեստ»-ին, չէի սպասում, որ հաջողություն կունենամ: Չորս աշխատանք էի ներկայացրել: Մեկը կոլաժային էր՝ «Վարպետն ու Մարգարիտան» վեպի ձևավորումը, մյուսները՝ «Երկուսը», «Համբույր», «Եվա» գեղանկարները: Ուզում եմ նոր բան բերել արվեստի մեջ, ինչպես եմ աշխարհը տեսնում, այդպես ներկայացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Գոռ Առուշանյանը:
Հիշեցնենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական ամենամյա փառատոնը 2013 թվականից ի վեր կազմակերպում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ), Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ