Լրահոս
Օրվա լրահոսը

Նահատակված Գեւորգի հարազատները շտապել էին ծննդատուն՝ իրենց որդու անունը կրող փոքրիկին տեսության

Հունիս 13,2016 16:52

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատանը 10 օր առաջ լույս աշխարհ եկած երկվորյակ տղաներից մեկին ծնողներն անվանեցին Գեւորգ՝ ի հիշատակ Թալիշում նահատակված 20-ամյա Գեւորգ Վարդանյանի:

Երեխաների հայրը՝ Սպարտակ Մկրտչյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Գեւորգ Վարդանյանի հայրն ու հարազատները կոնյակով գնացել են ծննդատուն՝ երեխաներին տեսության: Մի քանի օր առաջ էլ ծաղկեփնջով, նվերներով այցելել են իրենց տուն: «Շատ հուզիչ պահ էր, ես իրենց ասացի՝ մի քիչ մեծանա երեխան, երբ ուզում եք եկեք, տարեք, ինչքան պետք է թող ձեր մոտ մնա, հետո կբերեք: Ինչքան որ իմ բալիկն է, այնքան էլ իրենցն է: Ես երախտապարտ եմ Գեւորգի ծնողներին. Գեւորգն իր կյանքով փրկեց իր 6 բալիկների կյանքը: Փառք, պատիվ մեր հերոսներին, փառք մեր Գեւորգին, երանի բոլոր հայորդիները Գեւորգ լինեն»,-ասաց Սպարտակ Մկրտչյանը:

Gevorg VardanyanՀիշեցնենք, որ Թալիշում նահատակված 20-ամյա գյումրեցի Գեւորգ Վարդանյանը 5 տարեկանից բնակվել էր Ալթայում, ընդունվել էր Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը: Երկու տարի սովորելով քոլեջում ու կիսատ թողնելով՝ 2015 թվականի հունվարին վերադարձել էր հայրենիք իր պարտքը կատարելու: Նա մի քանի անգամ հետ է մղել թշնամու դիվերսիոն հարձակումները՝ արժանանալով խրախուսանքների, զոհվել է ապրիլի 4-ին՝ Թալիշում:

Բազմազավակ հայրը՝ Սպարտակ Մկրտչյանը, զգացված է նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի վերաբերմունքից, որը իր երեխաների ծնվելուց անմիջապես հետո մարզպետարանի մեծ թվով աշխատակիցների՝ իր տեղակալների, վարչության պետերի հետ շտապել է ծննդատուն՝ աչքալուսանքի: Ըստ նրա, իր բալիկներին տեսության են գնացել ԵԿՄ-ականները, որոնք մեդալ են հանձնել իրենց, արջուկ նվիրել տղաներին: Անարձագանք չեն թողել նաեւ իշխող կուսակցության տեղի ներկայացուցիչները, որոնք եւս նվերներով շտապել են ծննդատուն:

100_4436Ընտանիքը, սակայն սոցիալական խնդիրներ ունի. Սպարտակ Մկրտչյանը, որը եղել է արցախյան պատերազմի մասնակից, այժմ աշխատանք չունի, չգիտի ինչպես է պահելու իր վեց զավակներին. 4 դուստր ուներ, ծնվեցին երկվորյակ որդիները: «Ես շատ բան չեմ ուզում, օգնեն ինձ մի աշխատանք գտնեմ: Եթե աշխատեցի, գոնե մի հատ վարձով տուն կվերցնեմ: Ահավոր են մեր տան պայմանները, կոմունալ հարմարություններ չունենք, մոլորվել ենք, թե էս երեխաներին որտեղ լողացնենք: Երեխաներս միասեռ էին, մի կերպ յոլա էինք գնում, բայց երկվորյակների ծնվելուց հետո սա լուրջ խնդիր է ինձ համար:

Ինձ ճանաչողները գիտեն՝ ես լացկան չեմ, հպարտ մարդ եմ, Փառք Աստծո, ապրում ենք, ուղղակի մի թեթեւ հնարավորություն լինի, կաշխատեմ, բալիկներիս անհոգ մանկությունը կապահովեմ: Դուք ինձանից էլ լավ գիտեք, որ Գյումրիում հեչ հնարավորություն չկա աշխատանք գտնելու: Ուզում էի Երեւան տեղափոխվել, բայց 6 երեխաների հետ շատ դժվար է: Ես չեմ ասում օգնություն տան ինձ, ես ինձանից կամաչեմ, եթե նման բան մտածեմ, մի փոքր հնարավորություն ստեղծեն, ես պատրաստ եմ իմ քրտինքով աշխատել, վաստակել…», -խնդրում է բազմազավակ հայրը:

100_4437

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930