Ալկոհոլային խմիչքներից կբարձրանա միայն օղու ակցիզային հարկը, իսկ գինունն ու կոնյակինը չի բարձրանա: Այդ մասին խորհրդարանում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Փոխնախարարը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:
Հիշեցնենք, խորհրդարանում արտահերթ նիստով շարունակվում են Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումները: Ընդդիմադիր պատգամավորը նկատել էր, որ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետեւանքով գնաճի նոր ալիք է սպասվում Հայաստանում:
Կառավարությունն առաջարկում է նաեւ մինչեւ 2021 թվականը, յուրաքանչյուր տարի բարձրացնել նաեւ ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը: Ակցիզային հարկի բարձրացումն օղու մասով էլ վերաբերում է այն արտադրանքին, որոնք հատապտղային կամ պտղային հիմքով չեն: Միրումյանը նկատեց, որ ակցիզային հարկի կիրառման նպատակներից մեկն էլ հենց գների բարձրացումն է, որովհետեւ գների բարձրացումով պետությունը չի խրախուսում ծխախոտի եւ օղու սպառումը:
Վախթանգ Միրումյանը նաեւ մանրամասնեց, որ դիզելային վառելիքի համար կառավարությունը նվազեցնում է ակցիզային հարկի դրույքաչափը՝ 35 հազար դրամից 13 հազար դրամ. «Դիզվառելիքի մասով մենք կրճատում ենք ավելացված արժեքի հարկից ազատվելու արտոնությունը: Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը դիզվառելիքը չի հարկում ԱԱՀ-ով, ինչը չի նպաստում տնտեսության այնպիսի ոլորտների գործունեությանը, ինչպիսիք են շինարարությունը, հանքարդյունաբերությունը, այն առումով, որ այդ ոլորտներում ծախսերի մեջ էական մաս է կազմում դիզվառելիքի սպառումը: Պարզապես ԱԱՀ հաշվանցման հնարավորություն չկա: Դրա համար մենք առաջարկել ենք, որ դիզվառելիքի մասով ոչ թե դրույքաչափի բարձրացում լինի, այլ նվազեցում»: Իսկ բենզինի եւ սեղմված գազի համար, ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է նախատեսվում:
Կարդացեք նաև
Ըստ Վախթանգ Միրումյանի, նաեւ գործնականում հնարավոր է գների բարձրացում, բայց, նա չի բացառում, որ դա հնարավոր է իրականացվի համապատասխան մարժայի հաշվին` չբերելով ուղղակի գնաճի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ