Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարապետյան. «Փորձը ցույց է տվել, որ առանց Խորհրդային բանակի`Ադրբեջանը երբեք հաջողության չի հասնում». (Տեսանյութ)

Հունիս 13,2016 16:13

1992թ. հունիսի 13-ը Շահումյանի անկման օրն է: Այդ ժամանակ Շահումյանի շրջանի  տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվեցին, իսկ շրջանը վերաբնակեցվեց ադրբեջանցիներով: Արցախյան պատերազմի մասնակից մի շարք ինքնապաշտպանական ջոկատների ազատամարտիկների խոսքով` Շահումյանի ինքնապաշտպանությունը հնարավոր էր կազմակերպել, սակայն իշխանություններն անտեսեցին այդ շրջանը եւ չցանկացան դիմադրել ռուսական (խորհրդային)-ադրբեջանական ուժերին:

Suren-Karapetyan_Ararat-Caturyan«Երկու երես» մամուլի ակումբում այսօր «Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության» անդամ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը վկայակոչեց Շահեն Մեղրյանի խոսքերը, որ Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր:

«Նույնը վերաբերում է նաեւ ապրիլյան դեպքերին: Եթե զիջում ես անգամ 10 մմ հող, դա պարտություն է: Ուզում ես` Ադրբեջանի ժողովրդին կոտորի, բայց երբ Ադրբեջանը բռնազավթում է քո հայրենիքի 10 մմ-ն անգամ, ուրեմն դու պարտվում ես»,- համոզմունք հայտնեց Ծատուրյանը:

Նա նշեց, որ Շահումյանցիները դեռեւս չլուծված սոցիալական խնդիրներ եւ քաղաքական պահանջներ ունեն. «Արցախը եւ ադրբեջանահայությունը պետք է բանակցային գործընթացի մասը կազմեն: ՀՀ իշխանությունները դա չեն օգտագործում որպես կռվան, եւ այդ կեցվածքից ոգեւորված` միջնորդները մերժում են մեր մոտեցումները եւ պահանջները, որոնք թույլատրված են միջազգային իրավունքներով: Հայրենի իշխանություններն անտեսում են սեփական ժողովրդի` Շահումյանի ժողովրդի արդարացի պահանջները»:

Խոսելով Շահումյանի անկման պատճառներից` «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական խմբի պետ Սուրեն Կարապետյանը նկատեց, որ հայկական իշխանությունները ԽՍՀՄ կազմից դուրս գալով` սխալ քայլ կատարեցին, այդ պատճառով էլ ռուսները պատժեցին մեզ` լրացնելով ադրբեջանական ռազմական ուժը. «Երբ ՀՀ-ն դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, վերջինս պատժեց մեզ դրա համար եւ իր ներքին զորքերն ուղղեց Շահումյանի դեմ` նպաստելով հայաթափմանը: «Օղակ» գործողությամբ մեզ պատժեցին: Շահումյանն անտեսվեց իշխանությունների կողմից, մինչդեռ Լաչինից կարող էին մեծ քանակությամբ զինտեխնիկա  տեղափոխել: Շահումյանի պաշտպանությունը ոչ մեկին չհետաքրքրեց: Ինչո՞ւ այդ ժամանակ լռեց հրետանին, որը միակ ուժն էր Շահումյանում: Շահեն Մեղրյանը նշել է, որ դավաճանության տեղի ունեցավ: Ռուսական ու ադրբեջանական ուժերը մի քանի անգամ հարձակման փորձ են արել: Պատճառն ի՞նչն է, որ մեր հրետանին լռեց: Հրետանու հրամանատարին մի ամիս առաջ Շահումյանից դուրս հրավիրեցին, եւ հարձակման ժամանակ այդ հրետանին լռեց: Մարտին էլ հակառակորդը ոչնչացրեց հրետանու 30 տոկոսը:  Դավաճանության պես մի բան է եղել»:

Aravot.am-ի հարցին, թե առանց ռուսական ուժերի աջակցության դեպքերն ինչպե՞ս կզարգանային, Սուրեն Կարապետյանը պատասխանեց. «Փորձը ցույց է տվել, որ առանց Խորհրդային բանակի` Ադրբեջանը երբեք հաջողության չի հասնում: Եթե երկրորդ կողմի աջակցություն չի լինում, Ադրբեջանը չի հասնում հաղթանակի, որովհետեւ ի վիճակի չէ: Ժամանակակից տեխնիկան աշխատեցնելու համար ուժ է պետք, իսկ Ադրբեջանը ռազմական առումով հետամնաց է: Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ նրան օգնեցին վարձկանները, այդ պատճառով էլ որոշ տեղերում կարողացան որոշակի հաջողության հասնել: Իսկ Շահումյանի դեպքում Մարտակերտի շրջանում համապատասխան ներուժ կար, բայց մեզ օգնելու որոշում չեղավ. երեւի վախեցել էին, որ ռուսական ուժերն էլ են հարձակվում: Մեղրյանի ասելով` մի քանի զրահատեխնիկա բերեցին, որը մեծ շրջանի պաշտպանությունը կազմակերպելու համար ոչինչ էր»:

Արարատ Ծատուրյանն էլ իր հերթին հավելեց. «1992թ. ձեւավորված քաղաքական ուժեր էին ՀՀՇ-ն եւ Դաշնակցությունը: ՀՀՇ-ի կողմից էր Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ուժը, որին միացել էր նաեւ Սամվել Բաբայանը: Շուշիի ազատագրումից Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր: Նրանք, ովքեր մշակել են Շուշիի ազատագրման գործողությունը, լավ գիտեն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր դրանից, մինչդեռ շատերը փորձում են ասել, թե տեղյակ էր: Այսինքն, քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ երկփեղկված էինք երկու ճամբարների միջեւ, որոնք հաշտ չէին մեկը մյուսի հանդեպ: Այստեղ պետք է փնտրել Շահումյանի անկման եւ ողբերգության պատճառները: Անկախ քաղաքական ուժերի մոտեցումներից` չի կարելի գնալ դավաճանության, որն արեցին այն ժամանակվա իշխանությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ: Որ ասում եք` այսօրվա հերոսները, ովքե՞ր են նրանք…Մանվել Գրիգորյա՞նն է հերոս: Ինձ համար նա հերոս չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Շահումյանում արված ազատամարտիկների լուսանկարը` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930