Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը կառավարությունում «ֆռցնոցի» միտում է տեսնում (Տեսանյութ)

Հունիս 13,2016 15:53

«Ակնկալում եմ, որ անկեղծ կպատասխանեք իմ հարցերին, քանի որ վերջերս կառավարության ներկայացուցիչների ելույթներում մի միտում եմ նկատում՝ ֆռցնոցի»,- խորհրդարանում` ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին ասաց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, խորհրդարանում արտահերթ նիստով քննարկվում է Հարկային օրենսգրքի նախագիծը, որը բավական աղմկահարույց է:

Տվյալ նախագծով, Հրանտ Բագրատյանը վեց ուղղություններով հարկերի բարձրացում է արձանագրում` բաժնետոմսերի եւ դիվիդենտների հարկում, բենզինի եւ ծխախոտի ակցիզ, անհատ ձեռներեցների եւ նոտարների համար մտցված է ամսական շահութահարկ՝ 5 հազար դրամ եւ այլն: Ըստ նրա, ընդհանուր առմամբ բարձրացումները կազմում են մոտ 40 միլիարդ դրամ: «Կուզենայի՝ Դուք ցույց տայիք թեկուզ մեկ ուղղությամբ ցածրացում: Դուք հաշվե՞լ եք՝ 2015 թվականի փաստացի կատարած բյուջեն ինչքա՞ն կլիներ, եթե այս հարկման մեխանիզմն անցյալ տարվանից կիրառվեր: Ես չեմ կարողանում հասկանալ՝ դուք ի՞նչ է, արդեն օրենսգրքով փորձում եք ամրագրել, որ ավելացված արժեքի հարկն այլեւս գանձվելու է սահմանի՞ն, դա պարզապես դառնում է մաքսատուրք»,- Վախթանգ Միրումյանին հարցրեց Հրանտ Բագրատյանը:

«Հինգ հազար դրամը վերաբերում է այն անհատ ձեռներեցներին, որոնք գործում են հարկման այլընտրանքային համակարգերում: Այս ուղղությամբ որեւէ բարձրացում չի եղել»,- իր պատասխանում ասաց Վախթանգ Միրումյանը`հավելելով, որ եթե այս ամբողջն իրականացվեր 2015-ին, դրական ազդեցությունը եկամուտների վրա կլիներ 2015 թվականի ՀՆԱ-ի 1.8 տոկոսային կետի չափով:

Հարկումը սահմանին ամրագրելու դիտարկմանն է, նա ասաց, որ լավ կլիներ, եթե հարկումը սահմանից տեղափոխելու հնարավորություն լիներ. «Բայց պետք է նկատի ունենանք, որ մաքսային մարմինների կողմից գանձվում է մեր հարկային եկամուտների շուրջ 20 տոկոսը, որը վերաբերում է ավելացված արժեքի հարկին, ու դրա ազդեցությունն էական է»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւս կարծում է, որ նման համապարփակ օրենսգիրքը քննարկվում է շտապողականության պայմաններում: ՀԱԿ-ի համար հիմնաքարային խնդիրն այն է, որ նախագծում շեշտադրում է արված անուղղակի հարկերի վրա: «Ձեր հիմնավորումն այն է, որ հատկապես զարգացող երկրներում ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունն ապահովելու համար անհրաժեշտ է հիմնական շեշտադրումը կատարել սպառման հարկման վրա, իսկ տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման համար սահմանել հնարավորին չափ ցածր հարկային բեռ: Մենք այդ դրույթը վիճելի ենք համարում, որովհետեւ խոսքը գնում է այն մասին, որ տնտեսական գործունեությունը հարկվի՝ անկախ արդյունքներից, ինչը շատ բացասական է ու չի կարող նպաստել ոչ տնտեսության զարգացմանը, ոչ ներդրումների ներգրավմանը»:

RA National Assembly extraordinary session took place

Վախթանգ Միրումյանն ասաց, որ կառավարությունում չեն ակնկալում, որ արտահերթ նիստով նախագիծն ընդունվի. «Մինչեւ աշուն ժամանակ ունենք: Ամեն պահի կարող ենք այս փաստաթուղթը քննարկել: Պատրաստ ենք ընդունելու յուրաքանչյուր արժեքավոր առաջարկ»: Նա նաեւ հիշեցրեց, որ նախագիծը խորհրդարանում է ապրիլ ամսից: Իսկ ՀԱԿ-ի վերապահման մասով էլ ասաց. «Նշված է, որ շեշտադրումը կատարվելու է անուղղակի հարկերի վրա, բայց այս պահին դա վերաբերում է ակցիզային հարկերին, խոսքը վերաբերում է միայն ծխախոտի եւ օղու արտադրություններին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930