Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատելու ցանկություն եւ լծակներ

Հունիս 13,2016 16:00

Սերգո Երիցյանն ընդօրինակում է Ռոբերտ Քոչարյանին

Արդեն մի քանի տարի է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության ղեկավար, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանն ամեն ինչ անում է, որպեսզի տեսչությունը հանվի նախարարության կազմից եւ դառնա ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական կոմիտե: Վերջերս, մինչեւ գործադիր իշխանությունում օպտիմալացման մասին հայտարարությունները, կուլիսներում կրկին շատ աշխույժ շրջանառվում էր, որ Սերգո Երիցյանն ամեն ինչ անում է` միս ու արյուն տալու համար իր մտահղացմանը: Այսպիսով կբարձրանա նախկին նախարարի պետական կարգավիճակը: Եվ միայն: Մայրենին անաղարտ պահելու համար ԿԳ նախարարության համակարգում մնալով էլ կարելի է աշխատել: Մեր լուսավոր երիտասարդները ոչ մի պետական լծակ չունեին, բայց կարողացան խափանել Երեւանում ուղեւորափոխադրումների վարձը բարձրացնելու քաղաքապետարանի ծրագիրը: Իսկ կառավարությանն առընթեր կառույցը վերահսկողությունից դուրս օղակ է, ծառայում է բացառապես գործադիր իշխանությանը: Կրթության եւ գիտության նախարարությունը մոտ երկու տասնյակ օղակ ունի, որոնք իրենց հերթին բաժանվում են այլ օղակների` բաժինների: Թե ինչո՞ւ է հենց Սերգո Երիցյանը ուզում «անկախանալ»՝ պարզ չէ:

Երկու օրինակ. մինչեւ 2002 թվականը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարություններ էին, 2003-ից` Ռոբերտ Քոչարյանի օրոք, դարձան կառավարությանն առընթեր կառույցներ: Սա նշանակում է, որ ուժային այս կառույցները հանվեցին խորհրդարանի հսկողության տակից, այս կառույցների ղեկավարները պատգամավորների հետ հարցուպատասխանին չեն մասնակցում, իրենց համար անցանկալի հարցեր չեն լսում, հեռու են լրագրողներից եւ այսպես շարունակ: Ու սա արած Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում բանասիրության դոկտոր Սերգո Երիցյանը խոսելով սփյուռքահայերի մասին՝ ասաց. «սփյուռքի անդամներ»: Սա Գալուստ Սահակյանի «կառուցողական զենքերից» առաջ:

ՀՀ վարչապետը մայիսի 12-ին ասաց. «Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ՝ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը»: Առաջարկում եմ արագ, առանց հապաղելու պետական լծակներից զրկել իրենց վստահված ոլորտից անտեղյակ ու միաժամանակ պետական նոր լծակներ փափագող մարդկանց: Իհարկե, մեծ է հավանականությունը, որ այս դեպքում կառավարության կեսը տուն կգնա: Բայց վարչապետը ասաց, որ պատրաստ է սրան. «Ամբողջությամբ գիտակցում եմ այն հանգամանքը, որ արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի եւ մայր հայրենիքի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, եւ մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց»:

Ոչ ոք կասկածի տակ չի դնում մայրենիի անաղարտության կարեւորությունը: Ուղղակի հեռուստաէկրանից սփռվող հայատառ չգիտեմինչերենը խոսում է լեզվի մաքրության պատասխանատուների անպատասխանատու պահվածքի մասին: Ու կրկնեմ. աշխատելու ցանկություն է պետք, պետք չէ լծակառատ լինել` մեր լուսավոր երիտասարդները ոչ մի պետական լծակ չունեին, բայց կարողացան խափանել Երեւանում ուղեւորափոխադրումների վարձը բարձրացնելու քաղաքապետարանի ծրագիրը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

 11,06,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930