Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆելյա Համբարձումյանի ձայնը հնարավոր չէր շփոթել որեւէ այլ երգչի ձայնի հետ. ցավակցական ուղերձներ

Հունիս 13,2016 15:38

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը` ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ 

Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ժողովրդական, գուսանական ու աշուղական երգերի անզուգական կատարող ու տարածող, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին: Անվանի երգչուհու յուրօրինակ կերպարը երկար կապրի մեր սերունդների մեջ: Նրա երգարվեստի բացառիկ ու անզուգական օրինակները մնալու են ուսուցողական կոթողներ եկող սերունդների ու կատարողների համար: Մեր ժողովրդական ու կոմպոզիտորական հարյուրավոր երգերի մեկնողը հայոց սփյուռքում ու արտերկրի օտար հանդիսականին ներկայացել է բարձր ու պատվաբեր, դարձել մեր մշակույթի քարոզիչը:

Խորապես ցավում և ցավակցում եմ սիրված երգչուհու ընտանիքին, հարազատներին ու բոլոր երկրպագուներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա սիրված երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին:

Մենք կորցրեցինք ժողովրդական այն բացառիկ ձայնը, որը տասնամյակներով հնչում էր Հայաստանում ու նրա սահմաններից անդին, հնչում էր ու հմայում ունկնդրին, հնչում էր ու տարածում հայ երգը եւ լեզուն: Օֆելյա Համբարձումյանի ընդգրկուն երգարվեստն ինքնատիպ էր ու յուրահատուկ իր մեղեդայնությամբ եւ կատարողական տեխնիկայով: Նրա կյանքն ու բազմամյա մշակութային գործունեությունն անբաժանելի էին բեմից, որտեղ նա կարողացավ փայլուն կերպով իրացնել իր բնատուր հարուստ շնորհքն ու բազմապատկել հայ կատարողական արվեստի ավանդույթները:

Օֆելյա Համբարձումյանի ձայնը հնարավոր չէր շփոթել որեւէ այլ երգչի ձայնի հետ, ձայն, որ դեռ կշարունակի հնչել նրա արվեստի երկրպագուների եւ աշակերտների սրտերում:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եւ վշտակցում եմ տաղանդավոր երգչուհու ընտանիքին, հարազատներին, նրա բարձր արվեստը գնահատողներին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930