«Արի տուն-ը 7 տարվա պատմություն ունի: Եվ այս տարիների ընթացքում շուրջ 6000 երիտասարդ ենք ընդունել Հայաստան: Ծրագիրն իրոք իր բնույթով, կազմակերպչական ծավալով գրավում, հիացնում է մեր երիտասարդներին, օգնում լավ ճանաչել Հայաստանը»,-այսօր այս մասին «Արի տուն» 2016 ծրագրի առաջին փուլի մեկնարկի ժամանակ ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ծրագրի շրջանակում 2016թ.-ին նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպես նախորդ տարիներին, ծրագիրը դարձյալ կընթանա 8 փուլով՝ հունիսի 13-ից օգոստոսի 27-ը:
Նախարարը նշեց, որ այս տարվա ծրագիրը փոքր ինչ կտարբերվի. այն նվիրվում է Հայաստանի և Ղարաբաղի անկախության 25- ամյակին. «Այն ծրագրերն ու դասընթացները, որոնց երեխաները ծանոթանալու, սովորելու են, վերաբերելու են Հայաստանի 25-ամյա պատմությանը, արվեստին, մշակույթին: Օգոստոս ամսի վերջին հրավիրել ենք Հայաստան «Արի տուն» առաջին տարիների մասնակիցներին, որոնք արդեն չափահաս են` 24-25 տարեկան, տեսնելու համար` ինչ են հիշում, առաջարկում և ինչքանով է այս ծրագիրը ազդել նրանց հայ մնալուն և Հայաստանը սիրելուն: Այս տարի նաև զորամասային ծրագիրն ավելի երկար ու խորքային կլինի»:
Aravot.am-ի այն հարցին, թե որքանով է ծրագիրը նպաստել ներգաղթին, նախարարը շեշտեց, որ սա հայրենադարձության ծրագիր չէ, այլ` հայրենաճանաչողության. «Մենք հստակ վիճակագրություն և հաշվառում չունենք արված, բայց նախարարություն այցելության արդյունքում կարող եմ տասնյակ երիտասարդներ թվարկել, որ եկել և այլևս չեն հեռացել Հայաստանից»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Տիկին Հակոբյանն անդրադարձավ նաև սիրիահայերի Հայաստան վերադառնալու հարցին` նշելով, որ բոլոր այն հայերը, որ կցանկանան Հայաստան վերադառնալ, նախարարությունը կփորձի օգնել, լուծել ճանապարհածախսի հետ կապված հարցերը:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ