Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գիտնականները նոր կուսակցություն են ստեղծում՝ հանուն սոցիալական արդարության

Հունիս 13,2016 15:06

«Հանուն օրենքի» շարժման համակարգող խմբի անդամներն այսօր հայտարարեցին կուսակցություն հիմնելու իրենց որոշման մասին: Առաջին համագումարի օրվա մասին էլ կհայտարարեն առաջիկա օրերին:

Նախաձեռնությունն այս պահին տասը անդամ ունի, մեծ մասը երիտասարդ գիտնականներ են: Նոր կուսակցությունն էլ կունենա «Հանուն սոցիալական արդարության» (ՀԱՍԱԿ) անունը:

«Հանուն օրենքի» շարժման համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանն այսօր «Տեսակետ» ակումբում հայտնեց իրենց՝ քաղաքական դաշտ մտնելու նպատակները. «ՀՀ հասարակության զգալի հատվածը գտնվում է աղքատության շեմին, երկիրը ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է… ելնելով այդ հանգամանքներից ու հաշվի առնելով նաեւ չորսօրյա պատերազմի արդյունքները՝ որոշել ենք ձեւավորել նոր քաղաքական ուժ հանուն սոցիալական արդարության»:

Կուսակցությունը կունենա սոցիալ-պահպանողական գաղափարախոսություն:

Ինչո՞ւ են երիտասարդ գիտնականները որոշել զբաղվել քաղաքականությամբ եւ ոչ թե գիտությամբ հարցին էլ՝ Արման Ղուկասյանը պատասխանեց. «Եկել է ժամանակը, որ բոլորս պետք է մտահոգվենք նաեւ մեր պետության ճակատագրով, գիտնականը զբաղվում է գիտությամբ, բայց քաղաքականությունը նույնպես գիտություն է, որին պետք է գիտական մոտեցում ցուցաբերել»:

Նրա խոսքով, իրենց գլխավոր նպատակն է ՝ հաստատել սոցիալական արդարության մթնոլորտ, ինչը ենթադրում է հարուստների ու աղքատների միջեւ տարբերությունը նվազեցնել. «Պետք է հրաժարվենք օտար երկրների ապրանքներից: Մենք փորձելու ենք նպաստել բոլոր հայ արտադրողներին, տեղական արտադրողներին եւ ներկայացնել նրանց արտադրանքը նաեւ արտասահմանյան շուկաներում:

Ունենք ծրագրեր, դրանք գործող ծրագրեր են, եկել ենք գործելու: Ասպիրանտներ ենք, երիտասարդ գիտնականներ: Գիտական մոտեցում ենք ցուցաբերում քաղաքական հարցերին»:

Խմբի անդամ Ծովինար Կոստանյանն էլ պատմեց, որ քաղաքական դաշտ մտնելուց առաջ հարցում են անցկացրել հանրապետության բոլոր մարզերում, մասնակցել է 5000 հոգի: Իրենց հետաքրքրել են գործող ամենախոշոր կուսակցությունների գործունեության ու գաղափարախոսության մասին, թե ինչպես են քաղաքացիները վերաբերում այդ կուսակցությունների գործունեությանն ու գաղափարախոսությանը:

Հարցվածների 36 տոկոսը անկուսակցական են եղել, մնացածը կուսակցական, ըստ Ծովինարի, հարցվածների 49 տոկոսը ՀՀ որեւէ կուսակցության չի վստահում՝ լինելով կուսակցական, 18 տոկոսը վստահում է ՀՀԿ-ին, իսկ մնացած կուսակցություններն ավելի ցածր վստահություն են ունեցել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930