Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Անչափ գնահատում եմ քաղաքապետի այս համարձակ քայլը»

Հունիս 13,2016 14:42

Ինչպես ամեն երկուշաբթի, այսօր ևս մասնակցեցի քաղաքապետի հետ (գործակարգավարական) աշխատանքային խորհրդակցությանը, որի ժամանակ տրվեցին Երևանի համար շատ կարևոր հանձնարարականներ:

Ամենաուշագրավը Արշակունյաց 46 և 46/1 շենքերի բակում ապօրինի կառույցի վերաբերյալն էր. պարոն Մարգարյանը հանձնարարեց 3 օրում տարածքը բերել նախկին տեսքի, այսինքն՝ ապամոնտաժել ապօրինի կառույցը, որի տեղադրման դեմ շուրջ 3 ամիս է, ինչ բողոքում էին բնակիչները: Այս խնդրի առնչությամբ տեղյակ եմ որոշ մանրամասների, դրա համար անչափ գնահատում եմ քաղաքապետի այս համարձակ քայլը:

Ազատագրման է սպասում «Պապլավոկ»-ի դիմացի այգու մեջ խոշոր ծառի տակի հողատարածքը, որը քաղաքապետարանի թույլտվությամբ ու վարձակալի որոշմամբ այսօր հայտնվել է տախտակամածի տակ: Առկա է բնակիչների պահանջը՝ քանդել տախտակամածն ու վերականգնել կանաչ տարածքը: Սպասում ենք նաև այս հանձնարարականին:

3 օր առաջ համացանցում բնապահպանի կողմից տարածվեց մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, թե ինչպես մի տարիքով կին ու տղամարդ պարկով աղբը թափում են Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Ոսկանյան փողոցի եզրով անցնող ջրանցքի մեջ: Նկարը հայտնվել էր քաղաքապետի ուշադրության կենտրոնում, իր կողմից տրվել էր հանձնարարական այն մասին, որ գտնեն այդ մարդկանց ու պարզեն, թե ով է նրանց թույլ տվել աղբը թափել ջրանցքի մեջ, որի մասին էին ասել աղբ թափողները:

Անդրադառնալով իր հանձնարարականին՝ այսօր քաղաքապետը շատ խիստ տոնով ասաց, որ իր հանձնարարականը ճշտորեն չեն կատարել ու ավելացրեց. «Իմ դժգոհությունից հետո զեկուցում եք, թե ամենօրյա հսկողություն եք իրականացնում սանիտարական մաքրման աշխատանքների նկատմա՞մբ», և հանձնարարեց նշված դեպքերում անմիջապես տուգանել, այլ ոչ թե ծանուցել:

Յուրաքանչյուր ապօրինության դեմ քաղաքապետի նման որոշումներն են նպաստելու իր անձի նկատմամբ վստահության բարձրացմանը, որն իր համար է կարևոր լինելու առաջիկա ընտրությունների ժամանակ:

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930