Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը միջուկային մաքսանենգության դեմ պայքարում կարողությունների հզորացման հարցում

Հունիս 13,2016 13:59

Այսօր ԱՄՆ կառավարության ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև 2008թ. ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը:

Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների միջադեպերը աշխարհի տարբեր մասերում շեշտադրում են համակարգված միջազգային ջանքերի նկատմամբ պահանջարկը, որպեսզի այս վտանգավոր նյութերը հուսալիորեն պահպանվեն և չհայտնվեն ահաբեկիչների ու չարագործների ձեռքին, ովքեր կարող են դա օգտագործել անցանկալի նպատակներով: Այս հարցում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն բավականին երկար գործակցում են: Բացի այդ, Հայաստանը միջուկային անվտանգության մեծացման ու միջուկային նյութերի տարածման դեմ պայքարում միջազգային հանրության կարևոր ու ակտիվ դերակատարներից է` Միջուկային անվտանգության վեհաժողովի, ԱԷՄԳ-ի, Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության ու այլ միջազգային ձևաչափերում:

«Մենք գործակցում ենք, որպեսզի կատարելագործվեն միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության կարողությունները Հայաստանում և հետամուտ լինենք միջուկային նյութերի չտարածման հարցում մեր ընդհանուր հանձնառությանը, – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչար Միլսը, ով վերանայման այս հանդիպմանը ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու ԶՈԶ չտարածման հարցերով բյուրոյի վաշինգտոնյան փորձագետներ, – Այս վերանայումը փաստում է Հայաստանի հանձնառությունն իր կողմից տնօրինվող միջուկային նյութերի նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու և երկրի սահմաններով միջուկային մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակման հարցերում»:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ արտաքին գործերի, էներգետիկայի նախարարություններից, ազգային անվտանգության ծառայությունից, Հայաստանի սահմանային անվտանգության, մաքսային և միջուկային կարգավորման ոլորտի պետական կառույցներից: Մասնակցում էին նաև փորձագետներ երկրի ատոմակայանը շահագործող ընկերությունից:

2008թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից ստորագրված Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեղ ծրագրում ներկայացվում են այն քայլերը, որ Հայաստանը կարող է ձեռնարկել միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների կանխարգելման, բացահայտման ու նման միջադեպերին արձագանքելու կարողությունները կատարելագործելու նպատակով: Այս ծրագրի իրականացմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը ներառել է ուսուցում, սարքավորումների տրամադրում և այլ աջակցություն: Միասին երկու երկրների կառավարությունները ամրապնդել են հայաստանյան այն շինությունների անվտանգությունը, որտեղ պահվում են ռադիոակտիվ նյութեր, բարելավվել են սահմաններով հավանական փոխադրման ռադիոակտիվ նյութերը բացահայտելու կարողությունները և կատարելագործվել են միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության հնարավորությունները Հայաստանում:

Մեկ ամբողջ օր տևած հանդիպումների վերջում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը վերահաստատեցին այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու իրենց հանձնառությունը և նախանշեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930