Ֆրանսիական զինված ոստիկանությունը, ստուգումներ անցկացնելու հիմնավորմամբ, ներխուժել է այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել են Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru լրատվականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի մասին տեղեկությունը հայտնել է «Համառուսաստանյան երկրպագուների միություն» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը՝ համապատասխան գրառում կատարելով «Թվիթեր» սոցիալական կայքում։
Շպրիգինի կատարած գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի հավաքականի երկրպագուների հանգրվանած հյուրանոցի համարներ են ներխուժել ավտոմատով զինված 40 ոստիկան, որոնք պատճենահանել են փաստաթղթերը և լուսանկարել բոլորին»։
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի շրջանակներում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հայտնվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Անգլիայի, Սլովակիայի և Ուելսի հավաքականները։ 2016թ. հունիսի 11-ին Ռուսաստանի հավաքականն առաջին խաղում ուժերը չափեց Անգլիայի ֆուտբոլի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1։
Կարդացեք նաև
Ֆուտբոլային այդ հանդիպումից առաջ բախումներ էին տեղի ունեցել ռուս և անգլիացի երկրպագուների միջև, որոնք շարունակվել են նաև այդ հանդիպման ավարտից հետո։