ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունիսի 13-ին այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Նախարարը կրթական հաստատության տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ ծանոթացավ ամառային ուսումնական ծրագրերին:
ՀՀ ԿԳՆ պատվերով կրթահամալիրում հունիսի 13-17-ը կազմակերպվում է ամենամյա բաց «Բանգլադեշյան պլեներ 2016»-ը, որին մասնակցում են նաև պատանիներ Արցախից և Վրաստանից: Լևոն Մկրտչյանին պլեների մասնակիցները դիմավորեցին երգ-պարով:
«Վերջին անգամ այստեղ եղել եմ 7-8 տարի առաջ, և իսկապես փոփոխությունները բավականին մեծ են և զգալի: Նախ և առաջ` ամառային ճամբարի գաղափարն, որն ուներ պարոն Բլեյանը, ամբողջությամբ իրականացված է: Մենք պետք է մեր կրթական ծրագրերում ավելի շատ ուշադրություն դարձնենք գործնական աշխատանքներին»,-շրջայցից հետո ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Լևոն Մկրտչյանի խոսքով` կրթահամալիրը բավականին լավ վիճակում է և ունի բյուջետային հատուկ ֆինանսավորում: «Երեխան պետք է կարողանա հասկանալ, թե դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ինքն ինչպես պետք է օգտագործի: Դա շատ կարևոր է: Այս դպրոցում մինչև 12-13 տարեկանը մանկավարժները կարողանում են բազմակողմանի հետաքրքրություններ առաջացնել»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն անդրադարձավ հաստատության կազմակերպած ամառային ծրագրերին` շեշտելով, որ դրանք լավ հնարավորություն են թե՛ երեխաների, թե՛ մանկավարժների համար: «Չի կարելի երեք ամիս արձակուրդի անունը դնել` մենք «պրծանք» դպրոցից: 9 ամիս իրենք «բերդո՞ւմ» են եղել, մեկուսացվա՞ծ: Ամռանն իրական հնարավորություններ են ստեղծվում»,- ասաց նա` հավելելով, որ շուտով կրթօջախը կունենա ուսումնական ձիարշավարան, լողավազան:
Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ