Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը հունիսի 13-ին Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույց էր կազմակերպել: Ցույցի նպատակն էր ամեն գնով թույլ չտալ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:
Ցույցին միացել էր նաեւ Ազգային ինքնորոշման միավորումը: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց. «Ես ողջունում եմ նախաձեռնությունը՝ չնայած սա մի նոր բան չէ, սա շարունակությունն է, մասնավորապես՝ 2013 թվականի սեպտեմբերին սկսած մեր չակերտավոր իշխանությունների հակաքաղաքակրթական դրսեւորման: Բայց այնուամենայնիվ, եւս մի բացասական որակ է ավելացնում: Եթե այս ամենը տեղի ունենար մինչեւ ապրիլյան դեպքերը՝ կարող էինք ասել, որ համենայն դեպս, լրացուցիչ երաշխիքներ ենք փորձում ստանալ, իսկ սա ինքնախաբեություն լինելուց բացի՝ եւս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ մեր չակերտավոր իշխանությունները իրենց նյութապաշտապան էությամբ անգամ ամենաթարմ նյութական հետեւանքներ ունեցած երեւույթից եզրակացություն անելու ընդունակ չեն»:
Պարույր Հայրիկյանը նշեց, որ նման միջոցառման կազմակերպումը նշանակում է, որ հանրությունն իր մեջ ունի այն տարրը, որը պետք է նպաստի քաղաքակրթական վերածննդին. «Որովհետեւ այսօր Հայաստանի իշխանությունների պատճառով հայ մարդը հայտնված է լուսանցքից դուրս, ոչ միայն լուսանցքում, այլեւ լուսանցքից դուրս: Աշխարհում երկու բան կա՝ կա՛ քաղաքակիրթ աշխարհ, կա՛ մյուս տարբեր տեսակի, մեղմ ասած, այլանդակություններ: Մենք կա՛մ քաղաքակիրթ աշխարհի հետ պետք է լինենք, կա՛մ ընտրենք այլանդակություններից որեւէ մեկը, միեւնույն է ապագա չկա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ