2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում մեծ ավանդ ունեցող, այդ երկրի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը խոսել է իր հասցեին հնչեցված քննադատությունների մասին, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Օզդեմիրն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարություններին, թե Ջեմ Օզդեմիրին թուրք կոչելուց առաջ անհրաժեշտ է նրա արյունը լաբորատոր փորձաքննության ենթարկել՝ պարզելու համար արդյոք կապ ունի՞ այդ մարդը թյուրքականության հետ, թե՞ ոչ։ Պատասխանելով Էրդողանի այդ խոսքերին՝ Օզդեմիրը հեգնանքով ասել է, թե ինքը, հետևելով այդ հորդորին, գնացել է հիվանդանոց և արյան անալիզ հանձնել, որից պարզվել է, որ ինքն Երկրի քաղաքացի է և իր համար ամենից կարևորը մարդ լինելն է։
Էրդողանի քննադատության թիրախ դառնալուց հետո Օզդեմիրը հայտարարել է, որ մահվան բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչից հետո Գերմանիայի ոստիկանությունը հատուկ պաշտպանության տակ է առել Բունդեսթագի պատգամավորին. «Կյանքիս ընթացքում երկու անգամ իմ հանդեպ հատուկ պաշտպանություն է իրականացվել։ Երկու անգամն էլ թուրքերի պատճառով։ Առաջին անգամը 1994թ. հետո էր, երբ պատգամավոր ընտրվեցի։ Հիմա էլ ինձ պաշտպանում են Թուրքիայի նախագահի թիրախը դառնալուց հետո իմ հանդեպ սկսված հետապնդումներից։ Ի՞նչ եք կարծում՝ այս ամենը տարօրինակ չէ՞՝ Թուրքիայից դուրս քաղաքականությամբ զբաղվող գերմանացի քաղաքական գործչի համար»։
Օզդեմիրն անդրադարձել է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին՝ նշելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության օրոք Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ։