Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ լեգիոնը չի կռվել խորհրդային զորքերի դեմ». Աշոտ Մելքոնյանը` Նժդեհի արձանի շուրջ ռուսների բարձրացրած աղմուկի առիթով

Հունիս 13,2016 12:23

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը վստահ է, որ Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ռուսական կողմի բարձրացրած աղմուկը բացառապես քաղաքական հողի վրա է:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պաշտոնական Մոսկվայի զարմանքն էր փոխանցել կապված Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ:

Նա մասնավորապես հայտնել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

Աշոտ Մելքոնյան

Աշոտ Մելքոնյան

Aravot.am-ը պարոն Մելքոնյանից հետաքրքրվեց`արդյոք Գարեգին Նժդեհի արձանի շուրջ Ռուսաստանի հնչեցրած զարմանքը տեղի՞ն է, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց. «Ռուսաստանը խնդիրը դիտարկում է իր շահերի տեսանկյունից: Ինչը եղել է ֆաշիստական բլոկում, իրենց համար անընդունելի է, նրանք խոսում են հակաֆաշիստական պայքարի անհրաժեշտության դիրքերից: Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհին, ապա նրա գործունեությունը բացառապես թելադրված է եղել հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանության մղումով»:

Պարոն Մելքոնյանը հստակեցրեց, թե Երկրորդ Աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի բնաջնջումը դարձել էր լուրջ մարտահրավեր, ուստի Նժդեհի գործունեությունն ուղղված է եղել այդ խնդրի լուծմանը. «ԽՍՀՄ պարտության պարագայում այդ պատերազմում հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումը դառնում էր օրակարգի խնդիր, մանավանդ, որ Ֆաշիստական Գերմանիայի կողմում հանդես էր գալիս Թուրքիան, և եթե Ստալինգրադի, Մոսկվայի ճակատամարտերում ֆաշիստական կողմը հաղթանակ տաներ, Թուրքիան մտներ պատերազմի մեջ, հայ ժողովրդի համար դա կնշանակեր ցեղասպանության ավարտ»:

Աշոտ Մելքոնյանը, պատմական փաստերը մեկնաբանելով, նշեց. «Գարեգին Նժդեհը, Դրոն, Արտաշես Աբեղյանը մտածում էին գտնել եղանակ Ֆաշիստական Գերմանիայի մոտեցումները կանխելու համար, առավել ևս նրանք կարողացան Գերմանիայի ղեկավարությանը հասցնել այն մտայնությանը, որ հայերը ևս արիական ծագում ունեցող ժողովուրդ են և, բնականաբար, Գերմանիայի կողմից խորհրդային ժողովուրդների թվում հայերին բնաջնջման քաղաքականությունը հիմք չունի»:

Դառնալով ազգային լեգիոն ստեղծելու փաստին, հատկապես որի պատճառով էլ ռուսական կողմն աղմուկ է բարձրացրել Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ`պարոն Մելքոնյանը հստակեցրեց. «Հենց այդ նպատակով էլ ազգային լեգիոն ստեղծեցին, որը երբեք չկռվեց խորհրդային զորքերի դեմ, եկավ հասավ Հյուսիսային Կովկաս, չկռվեց, որի համար հետ կանչեցին: Այդ լեգիոնն իրականության մեջ ֆիկցիա էր ցույց տալու, որ կան ուժեր, որոնք գործակցում են հաղթանակ ապահովող Ֆաշիստական Գերմանիայի հետ»:

Մեր հարցին` փաստորեն այդ լեգիոնն աշխատում էր ընդդեմ ԽՍՀՄ-ի՞, պատմաբանն արձագանքեց. «Մեխանիկորեն այդպես ստացվում էր: Բայց 600 հազար հայ կռվում էր խորհրդային զորքերի կազմում ընդդեմ Ֆաշիստական Գերմանիայի, դա խնդի՞ր չէր: Լեգիոնում սահմանափակ թվով զինվորներ էին, մեծ մասը ռազմագերիներ, որոնց կյանքը փրկելու համար Գարեգին Նժդեհն ու Դրոն ստեղծեցին այդ լեգիոնը և կարողացան շատ մարդկանց կյանք փրկել»:

Պարոն Մելքոնյանի համար միանգամայն հասկանալի է ռուսական կողմի մոտեցումը. ինչ ուժ ֆաշիստական ղեկավարության հետ համագործակցում է, նրանց համար անընդունելի ու դատապարտելի է. «Աղմուկը բարձրացրին ադրբեջանցիները, որ ֆաշիստի արձան են կանգնեցրել Երևանում, և դրան անմիջապես արձագանքեց Ռուսաստանը, ինչին առանձնապես պետք չէ ուշադրություն դարձնել»:

Աշոտ Մելքոնյանը փաստեց, որ Գարեգին Նժդեհն ազգային հերոս է, խոշոր գաղափարախոս, ռազմական, պետական գործիչ և նրա արձանը տեղադրելը մեր ինքնիշխանության շրջանակներում տեղավորվող հարց է. որևէ երկրի խնդիրը չէ միջամտել մեր ներքին գործերին:

Մեր հստակեցմանը, թե այսինքն` սա բացառապես քաղաքական հողի վրա՞ բարձրացված աղմուկ է, պարոն Մելքոնյանն արձագանքեց` իհարկե: Այնուհետև նշեց, թե Գարեգին Նժդեհի գործունեությունը չի սահմանափակվում միայն Երկրորդ աշխարհամարտով. Առաջին Համաշխարհային պատերազմ, դրանից հետո պայքար Զանգեզուրում, ինքնավար Սյունիքում և Լեռնահայաստանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռուսերը պէտք է որ գան այս արձանին առջեւ, խոնարհին, եւ ներողութիւն խնդրեն

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930