Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի գնումների գաղտնիության անվան տակ ինչ ասես՝ կարող են անել

Հունիս 13,2016 14:30

Մեր բանակի համար պետական բյուջեից կատարվող ծախսերը, կարելի է ասել, «փակի» տակ են:

Այո, ընդհանուր հրապարակվում է, թե պաշտպանության նախարարությանը տվյալ տարում տրամադրվող գումարը քանի միլիարդ դրամ է, սակայն այդ գումարների ծախսման վերահսկելիությունը հանրության համար, մեղմ ասած, սահմանափակ է:
Հասկանալի է, որ բանակին վերաբերող որոշ ծախսեր պետք է «փակի» տակ, գաղտնի լինեն, բայց մյուս կողմից էլ՝ գաղտնի պահելով այդ ծախսերը՝ կասկածի տեղիք են տալիս, եւ եթե դրանք հանրության կողմից անվերահսկելի են, ուրեմն չարաշահումներն էլ անխուսափելի են: Իսկ եթե հույսներս դնենք վերահսկող պետական մարմինների վրա, որ նրանք գաղտնի գնումներում չարաշահումներ կբացահայտեն, ապա նույնիսկ բաց ու թափանցիկ գնումների դեպքում հատուկենտ բացահայտումներ են եղել: Վերջին շրջանում պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների ազատեցին աշխատանքից, անգամ ձերբակալություններ եղան, բայց դա միայն ապրիլյան պատերազմից հետո բացահայտված խնդիրների արդյունք էր:

«Առավոտի» 21.05.2016-ի «Ծնողները դժգոհում են՝ ո՞ւր են գնում բանակի փողերը, որ զինվորի կոշիկներն ու համազգեստը ծնողներն են առնում» հրապարակմամբ անդրադարձել էինք զինվորների հարազատների այն դժգոհություններին, որ նրանք իրենց որդիների 2 տարվա ծառայության ընթացքում մի քանի անգամ զինվորական հանդերձանք, ներքնազգեստ, կոշիկներ, հիգիենիկ պարագաներ եւ դեղորայք են գնում ու ուղարկում զորամաս: Մեզ դիմած քաղաքացիները մտահոգություն էին հայտնել, որ բանակի համար, այդ թվում նաեւ՝ զինվորների հագուստի, պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում, սակայն միաժամանակ նշված պարագաները զինվորների համար ընտանիքներն են ապահովում իրենց սեփական գրպանից:

«Առավոտը» ՊՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել եւ խնդրել տեղեկատվություն տրամադրել, թե 2014-2015 թվականներին ՊՆ-ն որքան գումար է հատկացրել զինվորների հանդերձանքի գնման համար, ինչպես նաեւ խնդրել էինք առանձին-առանձին տրամադրել ծախսված գումարների ծավալները զինվորական համազգեստի, ներքնազգեստի, կոշիկների եւ հիգիենիկ պարագաների համար:
Պաշտպանության նախարարությունից մեր այս հարցմանն ի պատասխան՝ վստահեցրել են. «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» հրամանի 38 կետի պահանջների համաձայն՝ նշված տեղեկատվությունն իր մեջ պարունակում է գաղտնիություն, որը չենք կարող տրամադրել»: ՊՆ-ն իր ծախսերը փորձում է գաղտնիության շղարշով փակել, սակայն համացանցում փնտրելուց հետո պետական գնումների կայքէջում, այնուամենայնիվ, զինծառայողների հանդերձանքի գնումների մասին տեղեկություններ կան: Այդ ծախսերը, բնականաբար, մի քանի միլիարդի են հասնում: Եվ հանրության մտահոգությունը, որ պետբյուջեից միլիարդներ են ծախսվում, սակայն դրան զուգահեռ ծնողներն էլ են իրենց զինվորների համար նույն բաները գնում, ՊՆ-ի կողմից առնվազն ուսումնասիրության առիթ պիտի լինի:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում նկատում է՝ եթե ՊՆ-ն հայտարարում է, որ այդ ծախսերը գաղտնի են եւ չեն կարող տրամադրել, բայց այդ տեղեկությունները, չնայած ոչ ամբողջությամբ, այդուհանդերձ՝ կան համացանցում, ուրեմն ՊՆ աշխատակիցը, որն այդ ծախսերը տեղադրել է գնումների կայքում, չարաշահել է իր լիազորությունները եւ ուրեմն պետք է համապատասխան պատիժ կրի: Մանուկյանն ասում է՝ եթե անգամ հրապարակված որոշ տեղեկություններ կան ՊՆ գնումների մասին, միեւնույն է՝ հանրությունը, հասարակական կազմակերպությունները չեն կարողանում նայել պայմանագրերի կատարման փուլը: Օրինակ՝ ձեռք բերվող այդ հանդերձանքը հասա՞վ պատվիրատուին, կամ որքան պատվիրվել է, այդքանն էլ մատակարարվե՞լ է, այսպիսի տեղեկություններն անհասանելի եւ անվերահսկելի են: «Մեր մոնիտորինգի արդյունքներն առնվազն այդ գործընթացի մեջ կասկածի տեղիք են տալիս, ռիսկային տարրեր կան: Ասենք, հնարավոր է հայտարարվի 100 հազար միավոր հանդերձանք, հիգիենիկ պարագաներ եւ այլն, դրա վերաբերյալ գնման ընթացակարգ իրականացվի, բայց իրականում մատակարարը միայն 50 հազար միավորը մատակարարի: Մենք համեմատաբար կանխատեսելի պահանջարկի հետ գործ ունենք, այսինքն՝ պաշտպանության նախարարությունը հստակ գիտի զինվորների քանակը եւ նրանց ունեցած կարիքները, օրինակ՝ հանդերձանքի մասով: Ուստի ծնողների կողմից զինվորական հանդերձանքի գնումները խոսում են կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին, ինչը կարող է բյուջետային միջոցների մսխման հետեւանք լինել եւ անարդյունավետ ծախսեր դիտարկվել»,- ասում է Մանուկյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ պաշտպանության նախարարության ոչ ռազմական ծախսերը գոնե ագրեգացված տեսքով պետք է լինեն հասանելի, ինչը կմեծացնի ինչպես հանրային վերահսկողությունը, այնպես էլ հաշվետվողականությունը:
Նկատենք, որ ծնողները իրենց զինվորների համար հանդերձանքը գնում են սեւ շուկայից, եւ ինչպես մեզ վստահեցրել էր Վերնիսաժում զինվորական համազգեստ վաճառողը՝ դրանք հենց մեր եւ Արցախի բանակի համար նախատեսված հագուստն է, որը ձեռք են բերում գործարանից:
Այս առնչությամբ էլ փորձագետը նկատում է, որ այս երեւույթը լուրջ վտանգ է առաջացնում: Ըստ Մանուկյանի՝ մեր երկիր են այցելում օտարերկրացիներ, որոնց մեջ կարող են լինել ծագումով ադրբեջանցիներ, Թուրքիայի քաղաքացիներ, ու նրանք կարող են սեւ շուկայից այդ համազգեստը ձեռք բերել, որը կարող են հետագայում օգտագործել Հայաստանի դեմ դիվերսիոն գործողությունների ժամանակ:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

 

«Առավոտ»

11,06,2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Մերը բանակ չի, բարդակ ա, Օհանյանն էլ տեղում չի, քանի որ նախագահը տեղում չի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930