Հունիսի 7-ի դրությամբ Քաշաթաղի շրջանի հարավային թևի Կովսականի, Միջնավանի քաղաքային և Վանի, Մուշի, Երիցվանքի, Աղաձորի, Արծվաշենի Իշխանաձորի, Գետամեջի գյուղական համայնքների և պետական պահուստային ֆոնդի հողատարածքներում ընդհանուր հնձվել է 2550հա գարու արտ, ստացվել է 6489տ բերք` 25,4ց/հա միջին բերքատվությամբ:
Ամսի 7-ին դաշտերում աշխատել են 51 կոմբայն, հնձվել է 485հա տարածք, ստացվել է 1123տ բերք` 23,1ց/հա բերքատվությամբ: Նույն օրը` երեկոյան և ողջ գիշերը տեղացած առատ տեղումների/նաև կարկուտ/ պատճառով բերքահավաքի աշխատանքները մինչ այսօր` հունիսի 13-ը, դադարեցվել են: Տեղացած կարկտի հետևանքով Որոտանի ձախափնյա և Հակարիի աջափնյա հատվածում` Հայկազյանի և Քաշունիքի գյուղական համայնքների ցանքատարածքներում, ինչպես նաև Հակարիի ձախափնյա Թովմասարի սարահարթում (Գետամեջի և Այգեկի գյուղական համայնքների ցանքատարածքներում) նախնական տվյալներով գարու և ցորենի արտեր են վնասվել:
Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ առավոտյան բարձրացանք նշված տարածքներ: Արդեն հասունացող հասկերը կոտրվել են ջրի ու քամու հոսքից և խոնարհվել հողին: Որոշ մասերում ընդհանրապես կպել են հողին:
Լ. Սիմոնյանը նշեց, որ հունիսի 7-ին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով` ճշտելու վնասների չափերը և աստիճանը: Նույն տեղումների պատճառով սարահարթից իջած հեղեղները տասնյակից ավելի հեղեղատներով իջել են Քաշունիքի և Հայկազյանի տարածքներ` մեծ վնաս հասցնելով հատկապես ճանապարհներին, ոռոգման ջրատարներին ու տնամերձերին:
Կարդացեք նաև
Հայկազյանում վնասվել է նաև 8 տան կտուր, կոտրվել են ծառեր: Այս օրերին «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ճանապարհների ու ջրատարների մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Քաշունիքի գյուղական համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանը տեղեկացրեց, որ արդեն հնարավոր է երթևեկել համայնքի ճանապարհներով, սակայն բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Այժմ տարածքում արևոտ եղանակ է, և կեսօրից հետո հնարավոր է սկսել հնձի աշխատանքները:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ