Լրահոս
Օրվա լրահոսը

2015-2016 ուսումնական տարում դասագրքերի փորձարկում իրականացնող դպրոցների եւ փորձարկվող դասագրքերի մասին

Հունիս 13,2016 12:30

2013-2014 ուսումնական տարում առաջին անգամ ներդրվեց դասագրքերի փորձարկման նոր կարգ, որի համաձայն՝ ԿԳ նախարարի հրամանով հաստատված ՀՀ բոլոր մարզերի որոշակի դպրոցներում պետք է փորձարկվեն տվյալ տարում մրցույթով անցած դասագրքերը՝ համաձայն Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից մշակված մեթոդական ուղեցույցի:

2015-2016 ուսումնական տարում 7 անուն դասագրքերի փորձարկումն իրականացվել է Հայաստանի 28 դպրոցներում, ընդ որում՝ Երեւանից ընտրվել էր միայն Ջոն Կիրակոսյանի անվան թ. 20-ը, իսկ մնացած դպրոցները՝ մարզերից: Համաշխարհային բանկի առաջին վարկային ծրագրի ամփոփիչ հաշվետվության մեջ որպես ձեռքբերում նշված է 52 դպրոց-կենտրոնների՝ որպես «փորձարարական լաբորատորիաների» կայացման նպաստումը, որոնք համապատասխան տեխմիջոցներ ստացան, վերապատրաստվեցին ու որտեղ 2005-2006թթ. փորձարկվեցին հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաների թեստերը: Ենթադրվում էր, որ տվյալ ուստարում մրցույթով անցած դասագրքերի փորձարկման գործընթացը նույնպես պետք է իրականացվեին այդ դպրոց-կենտրոններում:

Սակայն ԿԳ նախարարի ոչ նախորդ, ոչ այս տարվա հրամանով նախատեսված դպրոցների ցանկում ներառված չեն բոլոր դպրոց-կենտրոնները, չգիտես ինչու, այս ոլորտում չեն զարգացվում այդ դպրոցների մանկավարժների հմտությունները: Ինչեւէ, 6 անուն օտար լեզվի դասագրքերի փորձարկումից ստացվել են 28 կարծիքներ, որոնք որոշ դպրոցների (Երեւանի թ. 20, Եղեգնաձորի թ.1, Արթիկի թ. 6 հիմնական, Աղձքի միջնակարգ, Գյումրու թ. 10 հիմնական, Բյուրականի Հ. Թումանյանի) ուսուցիչների կողմից արվել են բարեխղճորեն: Նրանց մեջ կարմիր թելի նման անցնում են հետեւյալ մտքերը՝ պետական չափորոշչային պահանջներին հասնելու համար դասաժամերի քանակը քիչ է, չեն հասցնում իրենց տված գիտելիքներն ամրապնդել, կան երեխաների համար դժվարամատչելի նյութեր, դասագրքերը չափազանց ծանրաբեռնված են, գունազարդումն ու նկարները քիչ են ու ներկայացրել էին առաջարկներ:

Ընդհանրապես, նման կարծիքներն ավարտվում են հետեւյալ մտքով, եթե հեղինակներն ու հրատարակիչները իրենց բոլոր դիտողություններն ու առաջարկները կընդունեն, ապա նրանք դրական են գնահատում տվյալ դասագիրքը: Մեծամասնություն են այն կարծիքները, որտեղ մի քանի տողով հայտնել էին իրենց համաձայնությունը դասագրքի ամեն ինչի հետ: Ոչ մի առաջարկ, ոչ մի դիտողություն: Ասելիքիս նպատակն այն է, որ բարձրաձայնեմ դպրոցներում ուսուցիչների կողմից դասագրքերի փորձարկման շատ կարեւոր ինստիտուտը կայացնելու մասին: Դժվար չէ հասկանալ, որ ամեն տարի տարբեր դպրոցներում տարբեր ուսուցիչների կողմից դասագրքերի փորձարկումն իրականացնելը փոշիացնում է այդ հմտությունը, իսկ երբ այս գործընթացը կենտրոնացվի դպրոց-կենտրոններում, ապա այդ հմտությունը տարեցտարի կկուտակվի այդ դպրոցների մանկավարժների մոտ ու շատ ավելի վստահելի կլինի գործընթացը: Իհարկե, այդ մանկավարժները պետք է լրացուցիչ վարձատրվեն ու կարծում եմ՝ այն, որպես շահագրգիռ անձ, պետք է տրվի հրատարակիչների կամ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից:

Հիմա մի քանի խոսք այս հիմնադրամի մասին, որի գործադիր տնօրենն է ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը 2005 թվականից (արդյո՞ք իրավունք ունի) եւ ըստ 2015 թվականի Azdarar.am կայքի հաշվետվության, նրա տարեկան աշխատավարձն է 3.945.935 դրամ: Երբ հիմնադրվեց այս հիմնադրամը, այն բավականին կարեւոր գործ սկսեց, սակայն անցած 10 տարվա ընթացքում ոչ մի նորություն չի ներդրվել այս մեխանիզմի մեջ, ընդհակառակը, եթե սկզբնական շրջանում դասագրքերը 4 տարվա համար էին նախատեսվում, ապա աստիճանաբար, շատ դասագրքերի դեպքում գործածության ժամկետը դարձել է 5 տարի, երեխաների ձեռքին են հայտնվում ամբողջությամբ քրքրված, կեղտոտված, հակասանիտարական վիճակում գտնվող դասագրքեր ու հասարակության մեջ կա մեծ բողոք դասագրքերի այս վիճակի մասին:

Էլ չեմ ասում, որ դրանց բաշխման ժամանակ ծնողների մոտ որքան դժգոհություններ կան հատկապես այն դեպքերում, երբ տվյալ տարում տվյալ դասագիրքն ամբողջությամբ պետք է վերահրատարակվի ու բոլորին տրվեն նոր դասագրքեր, սակայն լինում են բողոքներ այն մասին, որ դասարանում ոչ բոլոր աշակերտներին են տրվել դրանք: Էլ չեմ ասում այն մասին, որ դրանք հայտնվում են վաճառքում ու երբեմն դպրոցների տնօրեններն առաջարկում են դրանք պարզապես գնել: Հիշեցնեմ, որ վաճառքում հայտնված դասագրքերը դպրոցներին տրվածներից պետք է տարբերվեն իրենց տեսքով, կազմով, այնինչ հրատարակչին ներկայացվող այս պահանջը գրեթե հաշվի չի առնվում նրա կողմից, որին պետք է հետեւի ԴՇՀ-ն: 2015-ին ԴՇՀ-ի կողմից իրականացվել է 8.877.000 դրամ արժեքով մի դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է եղել ուսումնական հաստատությունների գործունեության ներքին գնահատման ուղղությամբ 1339 տնօրենների վերապատրաստումը, այսինքն՝ Հայաստանի բոլոր տնօրեններին ԴՇՀ-ն վերապատրաստել է, որպեսզի նրանք ճիշտ իրականացնեն դպրոցի ներքին գնահատումը:

Միանգամից ասեմ, որ սա անհավանական է թվում, որովհետեւ ոչ ԴՇՀ-ի հզորությունը, ոչ իր ֆիզիկական պայմանները թույլ չէին կարող տալ 1 տարում վերապատրաստել Հայաստանի 1339 տնօրենների, մանավանդ ուսումնասիրել եմ դպրոցների ներքին գնահատման ktak.am-ում տեղադրված հաշվետվություններն ու նկատել. նախ դրանց քանակը անհամեմատելի քիչ է դպրոցների թվից, երկրորդ՝ շատերի բովանդակության որակն էլ չի համապատասխանում գնահատման չափանիշներին: Ուրեմն կամ չեն վերապատրաստվել, կամ էլ վերապատրաստման որակը շատ ցածր է եղել: Պարզաբանեմ, որ ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, յուրաքանչյուր տարվա սկզբի մինչեւ սեպտեմբերի 5-ը տնօրենը պետք է դպրոցի ներքին գնահատման հաշվետվությունը, որին պետք է մասնակցեն ծնողները, մանկավարժները, համայնքն ու աշակերտները, ներկայացնի կառավարման, ծնողական, աշակերտական խորհուրդներին եւ անպայման հրապարակի:

Հոդվածում բարձրացված խնդիրների մասին ակնկալում եմ պատկան մարմինների մեկնաբանությունները:

 
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության փորձագետ

 

«Առավոտ»  

11.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930