2016թ. հունիսի 12-ին ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում տեղի ունեցավ այդ երկրի ամենասարսափելի զանգվածային սպանություններից մեկը, որի ընթացքում 50 մարդ զոհվեց, 53 էլ տեղափոխվեց հիվանդանոց։ Այս մասին գրում է usatoday.com-ը։
Դեպքը տեղի էր ունեցել, երբ քաղաքի «Փալս» անվամբ նույնասեռականների ակումբում Օմար Մաթեն անունով աֆղանստանցի երիտասարդն անկանոն կրակ էր բացել ներկաների ուղղությամբ։ Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը պատասխան գործողություններ է ձեռնարկել, որի հետևանքով ոչնչացվել է 29-ամյա հանցագործը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սահմռկեցուցիչ հանցագործությունը սառնասրտաբար իրականացրած մուսուլման երիտասարդը հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Տեղի ունեցածից հետո որոշ մեկնաբանություններ է արել ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) հատուկ գործակալ Ռոնալդ Հոփերը, որի պնդմամբ՝ Մաթեն հայտնվել էր ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում դեռևս 2013 և 2014թթ.՝ ահաբեկչության հետ առնչություն ունենալու կասկածանքով, բայց նրա դեմ բավարար քանակով ապացույցների բացակայության պատճառով ոստիկանությանը չի հաջողվել սահմանափակել երիտասարդի գործողությունները։
Տեղի ունեցածի կապակցությամբ մամուլի հատուկ ասուլիս է հրավիրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը կատարվածը «Ահաբեկչության և ատելության հարձակում» է որակել։
Կարդացեք նաև
Կատարվածի մասին խոսել է նաև Օրլանդոյի ոստիկանապետ Ջոն Մինան՝ ասելով, որ իրենց գերնպատակն է եղել հնարավորինս քիչ մարդկային կորուստներ տալը։ Նրա խոսքերով՝ ահաբեկիչը զինված է եղել հրացանով, ատրճանակով և անհայտ տեսակի մի սարքով։