Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդմիշտ «Եվրատեսիլ»

Հունիս 13,2016 12:00

Հայաստանում շատերն են քամահրանքով վերաբերվում «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Քամահրանքով ու արհամարհանքով են վերաբերվում այդ մրցույթին՝ ասելով ու շեշտելով, որ «Եվրատեսիլը» ցածրակարգ մրցույթ է, բայցեւ չափազանց կրքոտ, ու չափազանց հետաքրքրությամբ ենք վերաբերվում այդ «ցածրակարգ» մրցույթին:

Այս անգամ առիթը Իվետա Մուկուչյանն էր:

Այսուհանդերձ, մենք շատ էինք ուզում հաղթել այս «ցածրակարգ» մրցույթում եւ հատկապես այս անգամ այդ ուղղությամբ ջանքեր չխնայեցինք, բայց վերջում ընդամենը հասանք նրան, որ մեր լրատվամիջոցներից մեկը գրեց՝ «Իվետա Մուկուչյանը 7-րդ տեղով հաղթեց «Եվրատեսիլին»: Ստացվում է, որ մեր նպատակը ոչ թե «Եվրատեսիլում» հաղթելն էր, այլ «Եվրատեսիլին» հաղթելը:

Ինչեւէ. Իվետան հաղթեց «Եվրատեսիլին», իսկ «Եվրատեսիլում» հաղթեց Ուկրաինան ներկայացնող Ջամալան, որն ազգությամբ ոչ թե ուկրաինուհի էր, այլ կիսաթաթարուհի եւ կիսահայուհի, ավելի ճշգրիտ՝ կիսաղարաբաղցի:

Գրեթե բոլորը համոզված են, որ Ջամալա-Սուսաննայի հաղթանակը քաղաքական ենթատեքստ ուներ, ավելի ճիշտ՝ ոչ թե ենթատեքստ, այլ հենց տեքստ, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանը ներկայացնող երգչի, այլ հենց Ռուսաստանի դեմ, որովհետեւ Ջամալան ոչ միայն հակառուսական Ուկրաինան էր ներկայացնում, այլեւ ներկայացնում էր մի երգ, որի բովանդակությունը, ըստ էության, նույնպես հակառուսական էր, եւ չնայած երգի տեքստից որեւէ բան չհասկացանք, բայց թարգմանողներ ու մեկնաբանողներ գտնվեցին: Այդուհանդերձ, քաղաքական լինելով հանդերձ՝ Ջամալայի երգն ու կատարումը «Եվրատեսիլի» համար նորություն էին՝ առաջին հերթին հենց տեքստի առումով. ի տարբերություն մյուս երգիչների կատարումների՝ չենք կարող պնդել, թե Ջամալան նույնպես անգլերեն էր երգում:

Գուցեեւ իր երգի տեքստի մեջ անգլերեն ինչ-որ շորշոփներ կային, բայց ընդհանուր առմամբ թուրքալեզու տվայտանք էր՝ համեմված մուղամի որոշակի երանգներով: Որոշ դիտորդներ ու որոշ մասնագետներ Ջամալայի երգն ու կատարումը «ռաբիս» որակեցին: Մենք, այս բնագավառում սիրող ու ինքնուս լինելով, համարձակվում ենք պնդել, որ Ջամալայի ներկայացրած մուղամն ու կլկլոցները միանգամայն ազգային էին՝ թաթարաթուրքական իմաստով, եւ սա նույնպես նորություն էր «Եվրատեսիլի» համար, որովհետեւ վաղուց ի վեր «Եվրատեսիլի» մասնակից երգիչներն ու երգչուհիները, ներառյալ մերոնք, ազգային նրբերանգներով երգեր չեն կատարում, եւ մերոնցից Ինգա եւ Անուշ Արշակյանները, ովքեր իրենց կյանքում միայն զուտ հայկական ու ազգային երգերով ու կատարումներով են հանդես եկել ու գնահատվել, «Եվրատեսիլի» իրենց ելույթում, չգիտես ինչու, ազգային «դոզան» ակնհայտորեն պակասեցրել էին, եւ, մեր կարծիքով, եթե իրենք տվյալ մրցույթում մեր ժողովրդական երգերից որեւէ մեկի մշակված տարբերակը ներկայացնեին, անհամեմատ բարձր տեղ կգրավեին: Իհարկե, կարող եք հակաճառել՝ ասելով, որ Ուկրաինան ներկայացնող Ջամալայի երգը որեւէ առնչություն չուներ ուկրաինական ժողովրդական երգի ու երգեցողության հետ, եւ մենք էլ կհաստատենք ձեր ասածը՝ ավելացնելով, որ եթե Ջամալան ուկրաինական ժողովրդական մոտիվներով երգեր, դժվար թե որեւէ հաջողություն ունենար՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ ցանկացած երգիչ ու արվեստագետ բացառապես իր ազգի մշակույթը կարող է ամբողջական ու լավագույնս ներկայացնել: Ջամալան հենց այդ արեց: Հաղթողի երգը ե՛ւ հավանողներ եղան, ե՛ւ չհավանողներ, բայց որ հաղթողը հաղթեց քաղաքական որոշման արդյունքում, գրեթե բոլորն են համաձայն: Ընդ որում՝ այս անգամ ժյուրիի ու հեռուստադիտողների տված միավորներն էլ համոզիչ ու հավաստի չէին եւ միանգամայն խառնիխուռն էին ներկայացված:

Այսուհանդերձ, ինչքան էլ «Եվրատեսիլը» քաղաքականացված եւ երկրորդ կարգի մրցույթ համարենք, համոզված եմ, որ եկող տարի էլ ենք նույն հետաքրքրությամբ ու կրքոտությամբ հետեւելու «Եվրատեսիլի» ընթացքին, որովհետեւ, ի վերջո, թե՛ Ջամալայի, թե՛ Իվետա Մուկուչյանի, թե՛ ռուս Լազարեւի եւ թե՛ Ավստրալիան ներկայացրած կորեուհու կատարումներն ավելի երկար են հիշվելու, քան նրանց գրաված մրցանակային տեղերը:

Այսինքն՝ ավելի լավ է «Երատեսիլը» լինի, քան չլինի:

Եվ ավելի լավ է «Եվրատեսիլում» լինենք, քան չլինենք:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»  
11.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գէորգ says:

    Լինել թէ չլինել, այս է խնդիրը:
    Բայց մէկ բան պարզ եւ հստակ է որ Եւրատեսիլը այն չէ ինչ որ էր 60ական եւ 70ականներուն (նոյնիսկ 80ականներու սկիզբ): Չեմ գիտեր եթէ 20 կամ 30 տարի յետոյ պիտի յիշուին կամ ձայնասփռուին ինչպէս հին տարիներու յաղթանակած կամ պարզապէս մասնակցած երգերը. երգեր՝ կենդանի նուագախմբային ընկերակցութեամբ, երբեմն նոյնիսկ սիմֆոնիկ նուագախումբով, այնպիսի երաժիշտներու հրաշալի գործիքաւորումներով, ինչպիսին էր օրինակ՝ Giancarlo Chiaramello:
    Անշուշտ, այստեղ հինի եւ նորի հարցը չէ, այլ պարզապէս՝ որակի. որովհետեւ որակն է միայն որ կ՛ապակովէ երգի մը, կամ արուեստի որեւէ բնագաւառի ստեղծագործութեան մը հարատեւումն ու գոյատեւումը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930