«Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպությունը «Հանուն արդարության» մեդալ է թողարկել՝ որոշելով հետմահու պարգևատրել Սողոմոն Թեհլերյանին ու նեմեսիսյան մյուս հերոսներին:
«Մենք պարտավոր ենք միշտ հիշել ու փառաբանել նրանց: Այդ պատճառով «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպությունը մի քանի տարի առաջ դիմեց պատկան մարմիններին, որ մեդալն իրենք թողարկեն: Հարցը քննարկվեց, գաղափարը հավանության արժանացավ, սակայն ոչինչ չարվեց:
Դրա համար ստիպված մենք ինքներս այս տարվա մայիսին թողարկեցինք մեդալը: Այն իմ թոշակով է պատրաստվել և կպահվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մեդալը կզարդարի թանգարանի՝ նեմեսիսյան հերոսներին նվիրված գողտրիկ անկյունը»,- «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված ոգեկոչման արարողության ժամանակ ասաց «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանը:
Միջոցառումը, որը նախաձեռնել էին «Վան-Վասպուրական» և «Կարին» հայրենակցական հասարակական կազմակերպությունները, անցկացվեց հունիսի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Կարդացեք նաև
«Շատերը չգիտեն՝ «Նեմեսիս»-ն ինչ է, որտեղից է առաջացել, ինչ հանգամանքներում: Բայց բոլորս պետք է ճանաչենք մեր հերոսներին, չէ՞: Այս միջոցառումը հենց դրան է միտված և մեր հայրենասիրական ոգու բարձրացմանը: Այն, իհարկե, բարձր է, բայց միշտ պետք է պահել»,- ասաց «Կարին» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Մինասյանը:
Պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի խոսքով՝ պատմության մեջ լինում են իրադարձություններ, որոնց հեղինակներն անգամ չեն կարող դրանց հզորությունն ու նշանակությունը կանխագուշակել: Ըստ նրա՝ այդպիսին էր նաև «Նեմեսիս» գործողությունը:
«Նեմեսիս»-ի հերոսները շատ լավ գիտեին՝ ինչ են անում, բայց նշանակությունը, թե ինչ վիթխարի, անմահ գործ են անում, դժվար թե պատկերացնեին»,- ասաց պատմաբանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ