20-րդ դար։ Արմատացած կապիտալիզմ։ Երազանքի երկիր Ամերիկա, ուր յուրաքանչյուրին բարեկեցիկ կյանք է սպասվում։ Մեծ քաղաքից հեռու իր բախտից խռոված մեկը նետվում է գնացքի ռելսերին․․․
․․․Երկրագունդն անհանգիստ է։ Բնական աղետները ոչնչացնում են քաղաքակրթությունը։
Կիսամութ ստուդիայի «ռետրո» բազմոցից և սինթեզատորի սև-սպիտակ ստեղների կանոնավոր հաջորդականությունից է սկսվում ձայնային պերֆորմեր Ռաֆայել Գյոլեցյանի անկանոն, ընդհատակյա արվեստը։ Կցկտուր ռադիոալիքները, մատների հպումից խտանալով, դառնում են մեկ կոնցեպցիա։ «Պերֆորմանսի ամենակարևոր բաղադրիչը երևակայությունն է։ Կարող ես մտքով հասնել Մերկուրի կամ Պլատոն, հայտնվել գետի կամ մագմայի կողքին։ Երաժշտությունը կառուցվում է պատկերացումներից»,- նշում է արվեստագետը:
Իր տեսիլքները մարմնավորելու համար հնչյունները երբեմն բավարար չեն․ նորերն է սինթեզում, ստեղծում իր խառնվածքին բնորոշ հաճախականություն։
Նկատում է՝ հայ հանդիսատեսը դեռ չի հասել այն հոգեվիճակին, որը թույլ կտա առանց զարմանքի ընդունել այլընտրանքային արվեստը։ Այն նման է բորբոսի, որ տհաճություն է պատճառում. քչերն են բորբոսը որպես «էվոլյուցիոն էտապ» դիտարկում։
Այսօր Երևանի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել խորհրդային տարիների պերֆորմատիվ արվեստի ներկայացուցիչների, որոնք անհայտ են մնացել մեծ հանրությանը՝ ագրեսիվ արձագանքի արժանանալու մտավախության պատճառով։
Ռաֆայելի խոսքով՝ ուրբանիզացված ապրելակերպը ստիպում է մարդկանց չլսել միմյանց, դիմացինին «ֆիլտրել» ստանդարտներով։ Վախից է, միգուցե՝ փորձի պակասից․ «Շատերը խելագարի տեղ կդնեն միկրոֆոնով գոռացող արվեստագետին, որն ընդամենն իր ներսում կուտակված բացասական էներգիան է դուրս հանում։ Մի պարադոքս կա՝ եթե արվեստը չենք հասկանում, ուրեմն այն խորթ է և անպիտան։ Պետք չէ հասկանալ, պետք է ընդունել, որ մարդիկ տարբեր են»։
Ի պատասխան հարցի՝ արդյոք արվեստը կարո՞ղ է կործանիչ լինել, պերֆորմերը մեջբերում է անգլիացի երաժիշտ Բրայան Ինոյին, որը ռոք երաժշտությունը փոխակերպեց մեդիտացիայի, դարձրեց խաղաղեցնող։
Իր արվեստը սովորեցնում է սիրել։ Քանդելը հեշտ է, արարելը՝ դժվար։ Հիշում է՝ 90-ականներին զինվորական համազգեստով մարդիկ թակեցին տան դուռը, որ հորը՝ Լևոնին, իրենց հետ տանեն։ Պատերազմը փոխեց բոլորի կյանքը։ Բակի ընկերները «կռիվ-կռիվ» էին խաղում, հաճախ գժտվում և ատելությամբ լցվում միմյանց նկատմամբ։ Ինքը շենքի դիմաց ցուցահանդեսներ էր կազմակերպում․ պլաստիլինից, հալած մոմից, շշերի խցաններից և մետաղական լարերից մարդուկներ էին պատրաստում, ջրաներկով պատկերազարդում։ «Հավաքվում էինք մեր տանը, որպեսզի տատիկիս և դաշնակահար, նկարչուհի մորս հետ ստեղծագործական ժամանակ անցկացնենք: Անդադար ատելությունն ու մարդասպանությունը համատեղելի չեն առողջ դատողության հետ։ Որքան փորձում ես վրեժխնդիր լինել, այդքան հոսքագծի մեջ ընկնելով՝ սպառվում ես։ Կոնստրուկտիվ բանականությունը դեստրուկտիվի հանգուցալուծումն է»,- ասում է։
Առաջին ձայնագրությունը նվիրված էր ակումբային կյանքի սիրահարներին (For clubbers, 2004 ): Վիրտուալ էմուլյատորներին ծանոթացավ «չինական մեծ էկրանով» համակարգչի և 56 կբ/վ արագությամբ անալոգային փոխարկիչի միջոցով։ Այդպես ծնվեցին Mystical forest, Eterna, Morphogenesis, Ancient world և այլ ստեղծագործություններ, որոնք ցուցադրվեցին Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հնդկաստանում։
Ռաֆայելը ֆլեյտիստ է։ Վստահեցնում է՝ երաժշտական կրթությունն իր համար լսելի դարձրեց աշխարհում գոյություն չունեցող ձայները։
Դեռ դպրոցական նվագախմբում իմպրովիզներ էր անում։ Ծնողների հորդորով ինֆորմատիկա սովորեց, ապա՝ հնչյունային ռեժիսուրա։ Այժմ զբաղվում է ձայնային և գրաֆիկ դիզայնով, գրում սաունդթրեքեր, զուգահեռաբար ուսումնասիրում տեսողական պերֆորմանսի տարրերը։
Երիտասարդի կարծիքով՝ Հայաստանում պերֆորմատիվ արվեստի խոչընդոտները շատ են․ոմանք դրա հիմքում պրոպագանդա են տեսնում, մյուսների համար ներկայացումները ֆինանսապես հասանելի չեն։ Բացի այդ՝ սխալ մենեջմենթի պատճառով պերֆորմանսը՝ որպես նորարար արվեստ, «ինտրիգային» չէ։ «Կան էսթետիկ երևույթներ, որոնք հստակ չափանիշներ ունեն։ Կարծես մրջյունին գցես բաժակի մեջ, ասես՝ պտտվի։ Որոշ ժամանակ ենթարկվում ես այդ դոկտրինային, ապա հետ քաշվում կամ առաջ գնում։ Ոչ ոք իրավունք չունի քեզ թերի համարելու։ Կարող են քննադատել, բայց չեն փոխի ձեռագիրդ, հոգիդ, պատկերացումներդ»,- անկեղծանում է արվեստագետը։
Ի վերջո, համաձայնում ենք՝ բոլոր մարդիկ «աստվածային քանդակագործության» մի մասն են, նույնչափ հավասար և անկատար։
Հ․Գ․ Կիսամութ սենյակում օրն ավարտվում է։ Մի պահ անցյալից վերադառնում են վինիլային սկավառակները, որոնք ժամանակի հետ անպիտան դառնալով՝ ծաղկամանի էին վերածվում։ Հաջորդ հանդիպումը՝ անկախության տարիներից անհասցե մնացած «վինիլային» «Մելոդիա» ձայնագրության ստուդիայում։
Տեղեկանք
Պերֆորմանս (կատարողական արվեստ)՝ ժամանակակից արվեստի տեսակ, որը ցուցադրվող քանդակից կամ կտավից տարբերվում է տեղի, ժամանակի հստակ սահմանազատմամբ և արվեստագետ-հանդիսատես անմիջական շփումով։
Անի ԱՆՏՈՆՅԱՆ