Մեկ տարվա աշխատանքը` ձայնասկավառակի տեսքով. Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում hունիսի 11-ին տեղի ունեցավ Ծիրանի անսամբլի «Գործ 1» ձայնասկավառակի շնորհանդեսը: Այս ձայնասկավառակում անսամբլը փորձել է առավելապես բնական ձևով մատուցել հայ երաժշտության տարբեր շերտերից վերցրած գոհարները:
«Անսամբլը չորս տարվա պատմություն ունի. ի սկզբանե գործիքային հնգյակ էր: Մոտ երկու տարի աշխատում ենք երգիչների հետ`երաժշտական մասշտաբները մեծացնելու համար: Երգիչների ներկայությամբ ավելանում են հնարավորությունները»,-ասաց անսամբլի գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ`կոլեկտիվը համերգներով հանդես է եկել Հայաստանում, հյուրախաղեր ունեցել ՌԴ-ում, ԱՄՆ-ում: Երաժիշտները նոր համերգաշարեր են պատրաստում, որոնք կներկայացնեն համաշխարհային բեմերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում:
Ծիրանի անսամբլի անդամները համոզված են`ոչինչ ավելի վառ չի բնորոշում հայ մարդուն ու նրա հոգևոր գենը, քան ծիրանի ծառը: Կոլեկտիվն անդրադարձ է կատարել հայ երաժշտությանը` ձայնասկավառակում ներառելով հայ միջնադարյան, հոգևոր, ժողովրդական, գուսանական երաժշտությունը և կոմիտասյան արվեստը:
Կարդացեք նաև
«Ծիրանի անսամբլն ինձ համար սիրելի է, քանի որ առանձնահատուկ է: Ձայնասկավառակում կան Կոմիտասի մշակումները, որոնք ես վերամշակել եմ նվագարանների համար, կան իմ ստեղծած գործերը, նյութեր, որոնք խորը միջնադարից են գալիս»,-նշեց կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը:
Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը` շուտով