«Հայոց բանակը եւ հայ զինվորը մշտապես եղել են թեմի բարեգործական ծրագրերի ուշադրության կենտրոնում»,- հունիսի 11-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը:
Նա նշեց, որ արդեն երրորդ տարին է, որ Արարատյան հայրապետական թեմն իրականացնում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի միջոցով փորձում են աջակցել իրենց առողջությունը եւ կյանքը հայրենիքին նվիրաբերած զինծառայողների ընտանիքներին. «Նախորդ երկու տարիների ծրագրերում ընդգրկվել են 662 ընտանիքներ, յուրաքանչյուր տարի 50 միլիոն դրամ է բաշխվել, այսինքն՝ 2014, 2015 թվականների ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ կապված 662 ընտանիքների բաշխվել է 100 միլիոն դրամ»:
Շուշան Պետրոսյանը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում աջակցություն են հայտնել զինծառայողների ընտանիքներին, որոնք միաժամանակ ունեն երկու եւ ավել զինծառայողներ, զոհված զինծառայողների ընտանիքներին եւ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի զինվորական հաշմանդամներին. «Այս տարվա ծրագրի շրջանակներում նույնպես 50 միլիոն դրամ է նախատեսվում բաշխվել 2015 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ը հակառակորդի հետ շփման գծում գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ 2016 թվականի ապրիլի 2-19-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ պաշտպանության գոտում մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ հրադադարի խախտման հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին»:
Նա ընդգծեց, որ ի տարբերություն մյուս տարիների ծրագրերի՝ այս տարի ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում եւ Լեռնային Ղարաբաղում: Դրամաբաշխությունը սկսվելու է հունիսի 17-ին, իսկ երկրորդ միջոցառումը տեղի կունենա Լեռնային Ղարաբաղում. 100 զոհված զինծառայողների ընտանիքներին կբաշխվի 50 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ