«Ականատես ենք եղել, թե ինչպես այդ մարդիկ, արտաքին գործոնը օգտագործելով, շահագործելով, մեր երկիրը մաս-մաս վաճառելով իրենք կարողացել են իրենց իշխանությունը պահպանել: Բոլորս գիտենք, որ այլեւս բան չի մնացել վաճառելու, այս անգամ վաճառելու Արցախի հերթն է եկել»,- հունիսի 11-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նա համարում է, որ Սերժ Սարգսյանը իր իշխանությունը երկարացնելու նպատակով շահարկում է Արցախի խնդրի լուծումը՝ դրա դիմաց մեծ խոստումներ ստանալով. «Այդ խոստումների մեջ, բնականաբար, գոյություն ունեն նաեւ մեծ գումարներ, նա պետք է կարողանա իր իշխանությունը ենթարկել»:
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի` այն, ինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի ընթացքում նման էր պայմանավորված պատերազմի. «Այսինքն՝ արդեն բոլոր միջոցները սպառված են եւ արդեն դիմում են այդ միջոցին: Ես այս պահին չեմ ուզում փաստարկների շարան բերել, թե որոնք են այն փաստերը, որոնց պատճառով ես եզրակացնում եմ, որ պայմանավորված պատերազմ էր: Սակայն, մի բան կարող եմ շեշտել, որ այստեղ մեղքը երբեք բանակինը չէ, մեղքը քաղաքական ղեկավարությանն է, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ