Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի համանախագահները ապուշություն են խոսում, երբ պնդում են` եկեք խաղաղություն հաստատենք». «Ազգ»

Հունիս 11,2016 11:24

Վերջերս, եթե չեմ սխալվում, Ֆեյսբուքում հանդիպեցի մի գրառման, թե ի՞նչ կլիներ, եթե Դոստոեւսկին եւ Տոլստոյը միասին ստեղծագործեին: Գրված էր, որ այդ համատեղ ստեղծագործությունը կկոչվեր` «Պատերազմը եւ ապուշը»: Բայց, քանի որ ոչ Դոստոեւսկին, ոչ Տոլստոյը մերը չեն, իսկ մերը չեն, քանի որ Տոլստոյ ունենալու համար, պետք է հաղթել Նապոլեոնին եւ, որովհետեւ երբ թշնամիդ Նապոլեոնին մակարդակով զիջում է, նրան հաղթելը գրեթե միշտ բերում է սպանված աղավնիների մասին մելամաղձության. մեզնից խոսենք:

Մեզնից` այսինքն հասարակությունից կամ մարդկանցից (Տոլստոյն էլ, Դոստոեւսկին էլ հասարակությունից դուրս էին, իսկ նմանները կա՛մ Աստված են, կա՛մ հրեշ): Երբեւէ մտածե՞լ եք, թե որքան կարող է ապուշ լինել մարդը, ասենք ի՞նչ մակարդակի, քանի՞ տոկոսով: Ենթադրենք մարդն այսօր ապուշ է իր գիտակցության 49 տոկոսով, կարո՞ղ է արդյոք վաղը ապուշ դառնալ իր գիտակցության 51 տոկոսով, այսինքն ապուշանալ: Ես չգիտեմ` կարող է, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ մարդը կարող է ապուշ լինել այնքան, որքան կարող է, ավել չի կարող:

Օրինակ` Մինսկի խմբի համանախագահները ապուշություն են խոսում: Օրինակ, երբ նրանք պնդում են, թե եկեք խաղաղություն հաստատեք, հաշտ-համերաշխ առաջվա պես ապրեք, ապուշություն են ասում, քանի որ չգիտեն, որ խաղաղությունը հաստատելով չէ, մանավանդ, երբ պնդում են, թե առաջվա պես հաշտ համերաշխ ապրեք, նշանակում է չգիտեն, թե առաջ մենք ինչպես ենք ապրել, օրինակ` ի՞նչ ենք հորդորել մեր երեխաներին, որոնք Կիրովաբադի շրջանում դպրոց էին գնում, որտեղ դասարանցիների մեծ մասը ադրբեջանցիներ էին: Եթե չգիտեն ու ասում են, ուրեմն միամիտ ապուշ են, եթե գիտեն ու ասում են, ուրեմն քոքված ապուշ են: Վերջինս ավելի վտանգավոր է, բայց առաջինից ավելի շատ կա:

Բայց, մյուս կողմից, Մինսկի խմբի ոչ մի համանախագահ վստահ չէ, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղություն են հաստատելու եւ հաշտ-համերաշխ ապրելու են, վստահ չէ, որովհետեւ այդքան ապուշ չէ: Ասելն ուրիշ բան է, ասածի մեջ վստահ լինելը` բոլորովին այլ բան: Ասել կարելի է նաեւ ապուշություն, բայց վստահ լինելը ապուշության մեջ ապուշ լինելն է, ուրեմն ապուշություն ասողը փաստ չէ, որ ապուշ է: Մինսկի խումբը լավագույնս սահմանում է ապուշի եւ ապուշություն ասողի տարբերությունը:

Այնպես որ, այս պատերազմում ապուշություն խոսողներ կան, իսկ ապուշնե՞ր: Ես կարծում եմ, որ կան, ավելին, ես գիտեմ, թե նրանք որտեղ են: Ադրբեջանո՞ւմ, իհարկե կան, բայց մեզ դա չպետք է հետաքրքրի, մանավանդ որ մենք այնքան էլ չենք ուզում, որ Ադրբեջանը երկար կյանք ունենա, իսկ երկրները կործանում են ոչ թե դրսի, այլ ներսի ապուշները:

Հովիկ Աֆյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930