Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եհովայի վկաների» հետևորդ կնոջ մահվան պատճառը`արյուն չներարկե՞լը. «Հայկական ժամանակ»

Հունիս 11,2016 11:08

Երեկ կայծակնային արագությամբ տարածվեց լուրը, թե նախորդ օրը` հունիսի 9-ին, Երեւանի Շիրակի փողոցում վրաերթի ենթարկված  47-ամյա կինն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է, որովհետեւ հարազատները թույլ չեն տվել նրան արյուն ներարկել: Նրանք պատճառաբանել են, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետեւորդներ են, եւ օտար արյուն ընդունելը դեմ է իրենց կրոնական համոզմունքներին: Սոցիալական ցանցերում անմիջապես սկսվեցին քննարկումները, թե արդյոք բժիշկն իրավունք ուներ ենթարկվել հիվանդի հարազատների պահանջին ու չփրկել նրա կյանքը, հարցադրումներ էին առաջ քաշվում, թե ում վրա է ընկնում կնոջ մահվան պատասխանատվությունը` բժիշկների՞, հիվանդի հարազատների՞, թե՞ ամեն դեպքում վարորդի:

Իսկ կանոնակարգվա՞ծ է, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվի բժիշկը: ՀՀ առողջապահության նախարարությունից սրա վերաբերյալ փոխանցեցին. «Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիայի առկայության դեպքում, մարդու կյանքին սպառնացող ցանկացած վտանգի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ սահմանված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների առկայության դեպքում, առանց տվյալ կոնկրետ մարդու (պացիենտ) կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, անկախ այդ համաձայնությունն ստանալու անհնարինության պատճառների (օրինակ` հիվանդի անգիտակից վիճակում լինելու, կրոնական կամ այլ համոզմունքներից ելնելով բժշկական միջամտությունից հրաժարվելու), պետք է իրականացնեն անհրաժեշտ բժշկական միջամտություն(ներ)»:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերից»: 16-րդ հոդվածում էլ կարդում ենք. «Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն եւ սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Այսինքն` մի դեպքում չի թույլատրվում հրաժարվել բուժումից, եթե կյանքին սպառնացող վտանգ կա, մյուս դեպքում, եթե կա այդ վտանգը, բժշկին իրավունք է վերապահվում հարկադրանք կիրառել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն այս կապակցությամբ ասում է, որ պարտադիր բուժումը չի վերաբերում արյան փոխներարկմանը: Բացի այդ, ըստ նրա, այս դեպքում հիվանդը մահացել է ոչ արյան հետ կապված խնդիրների հետեւանքով: Նա նաեւ նշեց, որ առանց հիվանդի կամ նրա ներկայացուցիչների կամքի արյուն ներարկելու պարագայում վերջիններս կարող էին դատական հայց ներկայացնել ընդդեմ բուժհաստատության, ինչի նախադեպն արդեն ունեցել են:

Աննա Զախարյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930