«Քառօրյա պատերազմից» հետո Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերսկսման նպատակների ու առաջնահերթությունների շուրջ քողարկված դիվանագիտական պայքար է ընթանում ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ մայիսին Վիեննայում նրանց բանակցային սեղանին նստեցրած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանի ազդեցիկ տերությունների միջեւ։
Ակնհայտ է, որ թեպետ պատերազմական գործողությունների դադարեցման հարցում վճռական էր Ռուսաստանի ու նրա նախագահի դերակատարությունը, սակայն Վիեննայում «դաշտի տերը» ամերիկյան դիվանագիտությունն էր՝ հանձին պետքարտուղար Ջ.Քերիի եւ նրա գլխավորած հաստատության կարկառուն դեմքերից մեկի՝ Վ.Նուլանդի։
Դժվար է ասել՝ գիտակցված հետքայլի արդյունք չէ՞ր Մոսկվայի կողմից նախաձեռնության նման «կորուստը», բայց ակնհայտ է, որ նույն ժամանակամիջոցում ադրբեջանական դիվանագիտությունն ու քարոզչությունը շարունակում էին տպավորություն ստեղծել, թե, իբր, ահա ուր որ է Ռուսաստանի նախագահը ժամանելու է Բաքու բանակցությունները վերսկսելու եւ արագացնելու նպատակով։
Բայց արի ու տես՝ ստանալով համապատասխան փաստաթղթերը, ադրբեջանական կողմը վերջին օրերին «ձեռ ու ոտ» է ընկել եւ նախագահ Իլհամ Ալիեւը շտապ մեկնել է Հայոց ցեղասպանությունը նոր միայն ճանաչած Գերմանիա, որն ընթացիկ տարում նաեւ ԵԱՀԿ նախագահող երկիրն է։
Կարդացեք նաև
Այստեղ Իլհամը նորից ներբողներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ խիստ կարեւորելով Ղարաբաղյան բանակցային գործընթացում Մոսկվայի միջնորդական դերակատարությունը։
Հասկանալի է, որ դրանով Ադրբեջանի ղեկավարը փորձում է մեկ կրակոցով խոցել երկու թիրախ. առաջին՝ արագացնել Վիեննայում հնչած Ս.Լավրովի խոստման կատարումը, երկրորդ՝ շահագրգռել ռուսական կողմին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպում կազմակերպելու մեջ։
Եվ ահա, Ի.Ալիեւի այս դեմարշից եւ Ֆրանսիայի ու Ռուսաստանի դիվանագետների վերջին բանակցություններից հետո թվում էր, թե Բաքվին հաջողվում է հասնել «Կազան 2»-ի կազմակերպմանը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգում։ Սակայն երեկ Մոսկվայից հնչած մի քանի՝ բավական զգուշավոր հայտարարություններն ու ակնարկները, որոնք ավարտվեցին ՌԴ նախագահի խոսնակ Դ.Պեսկովի նույնպես զգուշավոր՝ «չի բացառվում» հավաստիացումով, գալիս են վկայելու, որ Բաքվի «վերջին հույսը» դարձած ռուսական սեպարատ միջնորդության հեռանկարը լուրջ հարցականի տակ է։
Այս ամենը գալիս է վկայելու, որ ապրիլի սկզբներին Հայաստանին բաժին ընկած դիվանագիտական մեկուսացման լուրջ սպառնալիքը դանդաղ, բայց հետեւողականորեն նահանջում է՝ մեր առաջ բացելով հետագա քայլերի ծրագրման ու իրականացման բազմաթիվ նոր տարբերակներ։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում