Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, անշուշտ, առանձնահատուկ էր: Ի տարբերություն ցեղասպանությունը ճանաչած շուրջ 3 տասնյակ երկրների, Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր եւ անմիջական մասնակիցն ու մեղսակիցը հայերի տեղահանության եւ զանգվածային բնաջնջման:
Այս առումով հանցանքի մեղսակից Գերմանիայի ընդունած բանաձեւը Թուրքիային ավելի խոցելի վիճակում դրեց, քան եթե ցեղասպանությունը ճանաչեր ԱՄՆ-ն, որտեղ հայկական լոբբինգի պայքարն այս հարցում դեմ է առնում ոչինչ չհանդուրժող ամերիկյան պետական շահերի պատին: Այդուհանդերձ, որքանո՞վ էին Գերմանիայի ընդունած բանաձևը եւ մեր հրճվանքն ու շնորհակալությունների արձագանքը համարժեք միմյանց: Եթե շատ մեղմ, ապա դրանք անհամարժեք են, նաեւ ինքնաստորացուցիչ:
Իհարկե, մենք որպես ազգ եւ որպես պետություն, պարտավոր ենք շնորհակալ լինել մեր ցավը կիսող յուրաքանչյուր պետության եւ ժողովրդի` Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ, քաղաքական եւ պետական գործիչների, պատմաբանների եւ քաղաքագետների գնահատականերով եւ այլն: Սակայն ոչ շնորհակալությունների եւ երախտագիտության ցույցերով` այն դեպքում, երբ դրանց կարիքը, ընդհակառակը, չկա: Հիշողության փոքր թարմացում:
Առաջին անգամ, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանության մերժումը քրեականացնող բանաձեւը, մենք, ջուր չտեսածի պես բոբիկացանք` Merci la France լոզունգներով խումբ-խումբ գնացինք դեպի Հայաստանում Ֆրանսիական դեսպանատուն: Հիասթափությունը մեծ էր, երբ բանաձեւը հակասահմանադրական ճանաչվեց Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից: Սակայն անհարկի երախտագիտության ցույց անելը կարծես թե մտավ մեր միտինգասեր վարքի մեջ:
Կարդացեք նաև
Նախ` Գերմանիայի բունդեսթագի բանաձևը ցեղասպանությունը ճանաչած երկրների ընդունած բանաձեւերից ամենաթույլն է, հակառակ իր երկար տեքստին:
Առաջինը վերնագիրն է, որտեղ նշված է ոչ թե հայերի ցեղասպանության ճանաչում կամ դատապարտում, ինչպես օրինակ Ֆրանսիայի, Ռուսաստանի կամ այլ երկրների բանաձեւերում, այլ «հայերի եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» (ընդգծումները մերն են-Ա. Մ.): Այսինքն, հստակ չի նշվում զուտ հայերի ցեղասպանության մասին եւ անուղղակի է նշվում ցեղասպանություն տերմինը` խոսելով միայն հիշատակի մասին:
Հիմա հարց dankeմոլներին. եթե հանցագործության մեղսակիցն ընդունում է իր մեղքը, այն էլ ճարահատյալ կամ ինչ-ինչ հաշվարկներից դրդված, դրա համար նրան շնորհակալություն են ասո՞ւմ:
Եթե հանկարծ կամ երբեւէ, գլխավոր հանցագործ` Թուրքիան, ստիպված լինի ընդունել Հայոց ցեղասպանությունը` այս կամ այն ձեւով կամ չափով, հիմա էլ tes,ekkurler (թուրքերեն շնորհակալություն) գոռալով, նույն հորթային հրճվանքով նրան ուղղված երախտագիտության ցույցե՞ր ենք անելու …
Արա Մարտիրոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում
Չեմ հասկանում հոդվածագրի միտքը – Գերմանացիները քայլ են կատարել (որը կարող էին եւ չկատարել շատ – շատերի նման:) Միթե շնորհակալության փոխարեն պիտի բողոքենք այդ որոշման դեմ?
Նա հարցնում է – ,,իսկ եթե թուրքիան ճանաչի, պիտի ուրախանանք ու շնորհակալություն հայտնենք?,, Իսկ, միթե պիտի հայավարի հայհոյենք ու մի կողմ քաշվենք նրանցից ընդմիշտ? Իրենց համար ամենաձեռնտուն էլ այդ կլինի: Վերջապես, մի օր պիտի ընկալենք թե ոչ, որ խնդիրը երկու կողմ ունի՝ բարոյախոսական եւ նյութական, եւ երկու տեսակետից էլ որոշման նշանակությունը հսկայական է՝ մասնագետների գնահատմամբ:
– // հորթային հրճվանքով … երախտագիտության ցույցե՞ր ենք անելու …// – ինչու՞ է այսպես վուլգարացվում հարցը: Աստված տա, մարդագազանների սերունդները թող գիտակցեն ու ընդունեն իրենց պապերի ոճիրը եւ ամբողջ ազգով ներողություն խնդրեն: Այս դեպքում զուսպ ու արժանապատիվ, կիսաձայն ասված շնորհակալությունը հասկանալի կլինի: Չէ որ այդ շնորհակալությունը ոճիրը հաստատողներին է ուղղվում, եւ ոչ կատարողներին:
Կասեի նույնիսկ մեղմ է ասված՝ հորթային հրճվանք: Շնորհակալություն էլի կարել է հայտնել՝ զուսպ, ինչպես ցավակցությունն ընդունելիս: Իսկ մենք տրնգի ենք պարում: Մի հատ կողքից նայենք մեզ: Մեր արժեհամակարգը լրիվ խախտված է: