Լրահոս
Օրվա լրահոսը

Որ «խեղճ» օլիգարխների բեռը մի քիչ թեթեւանա

Հունիս 11,2016 17:00

Ինչո՞ւ է դանդաղում կառավարությունը

Կառավարության հունիսի 2-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարությանը եւ ՊԵԿ-ին հանձնարարել էր քննարկել եւ երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, թե ի՞նչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը: «Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել սոցիալապես կարեւոր ապրանքային շուկաներում նույն խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ եւ մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու գաղափարը:

Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ եւ հավասար բոլոր ձեռքբերողների համար: Եվ եթե անգամ ներմուծող եւ մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունները փոխկապակցված են, միեւնույն է՝ պետք է հարաբերվեն միայն այդ հարթակի միջոցով»,- ասել էր վարչապետը: Խոսքը վերաբերում է շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներին, որոնք զուտ ֆորմալ առումով մենաշնորհային չեն: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին» էլ հանձնարարական տրվեց` եռամսյա ժամկետում ուսումնասիրել ներմուծման հետ առնչվող ընթացակարգերը եւ դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել, մասնավորապես՝ քննարկելով ինքնահայտարարագրման հնարավորությունների լայնացման, ինչպես նաեւ զանազան լաբորատորիաներից եւ ՊՈԱԿ-ներից ծառայությունների ձեռք բերման, սերտիֆիկատների տրամադրման պահանջները նվազագույնի հասցնելու հնարավորությունները:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը թեեւ կոռուպցիայի դեմ պայքարի այս հերթական փուլին էլ սկեպտիկորեն է նայում, այնուհանդերձ՝ այս «աղմուկ-աղաղակի» մեջ ռացիոնալ մի մոտեցում տեսնում է` վարչապետի վերոնշյալ հայտարարությունը. «Սա հենց խնդիրներ լուծելու ժամանակակից ձեւն է. ախտորոշում-լուծման ինստիտուցիոնալացում. տեսնում ես, որ «խեղճ» օլիգարխն ինքը ներմուծում է, ինքը իրացնում է, ինքը որոշում է խաղի կանոնները, վերցնում ու դնում ես մեխանիզմ, որով ինքը ներմուծելուց հետո պարտավոր է ապրանքը բաց դնել մանրածախերի համար աճուրդի, ինքն էլ բոլորի հետ հավասար մասնակցել դրան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը` հեգնանքով հավելելով. «Կկարողանա՞ն սա անել՝ բոլորիս համար շատ ավելի լավ, չե՞ն կարողանա՝ ամբողջ օրը ազգովի կշարունակենք ջիգյարով քննարկել, թե ինչ ավտո ենք կրճատում»: Մեր զրուցակիցը վերապահումներ ունի նաեւ այդ «գործը գլուխ» բերելու համար սահմանված ժամկետների առումով: Երկամսյա-եռամսյա ժամկետներում Թեւան Պողոսյանը հարցը արհեստական ձգձգելու միտում է տեսնում, կարծում է, որ ամեն ինչ ավելի արագ պետք է արվի:

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նկատում է, որ ներկայիս ոչ ֆորմալ մենաշնորհները 15-20 տարվա արգասիք են. «Տարբեր ապրանքային շուկաներում այդ ընթացքում լուրջ պայքարներ են եղել. շատերը դուրս են մղվել, շատերը ռիսկերի են գնացել, բաներ են կորցրել, ու արդյունքում ստացել ենք մի իրավիճակ, երբ այն, որ պետությունը պետք է ժամանակին միջամտեր եւ գերկենտրոնացում թույլ չտար` չի արել: Հիմա շատ դժվար է դա արմատից պոկելը: Այս պարագայում ե՛ւ վարչարարական, ե՛ւ տնտեսական արգելքներն են դեր խաղացել»: Վարչարարական արգելքներ են եղել լիցենզիաներ չտրամադրելը, տարբեր մաքսային արժեքներով տարբեր սուբյեկտների համար մաքսազերծում անելը, որի արդյունքում ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի տարբեր գումարներ են վճարվել տարբեր տնտեսվարողների կողմից, որակի եւ ստանդարտացման տարբեր տիպի ստուգումներ են եղել եւ այլն:

Մեծ դեր են խաղացել նաեւ տնտեսական արգելքները: Օրինակ՝ խոշոր տնտեսվարողը նաեւ մանրածախ մեծ ցանց է ձեւավորում, սեփական գործարանն է ստեղծում, ապա մեկ այլ` ավելի քիչ ծավալով ներկրողը բնականաբար ավելի թանկ գնով է ներկրելու: Ու ստացվելու է այնպես, որ խոշոր ներկրողը դեմպինգ է անելու` գներն այնքան է գցելու, մինչեւ մանր ներկրողները դուրս շպրտվեն շուկայից: Որ վաղ թե ուշ պետությունը պետք է սկսի իր բաց թողած գործը անել, Միքայել Մելքումյանը դեմ չէ, բայց տարակուսում է. «Ես ասացի տնտեսական-իշխանական ազդեցությունը, որը բարդ է դարձնում դա քանդելը: Բերողին, որի ողջ կապերը պետությունից դուրս են, ամբողջ կարգավիճակը, զորեղությունը, խանգարում է. մենք կարո՞ղ ենք կպնել: Ես համաձայն եմ, որ մանրածախ ցանցում կարգավորումներ տրվեն` մեծածախ եւ մանրածախ բիզնեսներն էապես տարանջատելու համար, որպեսզի մանրածախը հասանելի լինի բոլորի համար: Նաեւ մաքսազերծումը պետք է հավուր պատշաճի անել: Կհաջողվի՞ դա անել` արդեն քաղաքական որոշում է պահանջում: Երկրորդ` որոշ դեպքերում պետությունը պիտի խաղի մեջ մտնի մոնիտորինգի այնպիսի մեխանիզմներով, որ թույլ չտա փոքր ներկրողների նսեմացում»: Նույն մեխանիզմներն, ըստ տնտեսագետ-պատգամավորի, պետք է կիրառվեն պետական մրցույթների, պետական գնումների ընթացակարգերում: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ գնումների ոլորտում շատ քիչ փոքր եւ միջին ձեռնարկություններ կան, որովհետեւ այն հարաբերությունների վստահելիությունը, որոնցից ստվերային շրջանառություն է գալիս, «խոշորները» չեն ցանկանում կորցնել:

Միքայել Մելքումյանը մի խնդիր էլ է արծարծում. «Իսկ ո՞վ է ասում, որ այդ մենաշնորհները եղել են, եւ ամբողջ եկամուտը այդ տնտեսվարողն է վերցրել: Կարող է այլ ծախսե՞ր են արվել, որ մենք չգիտենք: Կարող է բանակին են աջակցել. մենք տեղյա՞կ ենք»: Նա համամիտ է, եթե անգամ նման սխեմա է գործել, պետք է վերանայել եւ այդ գումարները օրինական ճանապարհով ուղղել անհրաժեշտ ոլորտներին: «Դրա համար որ ասում ենք` հիմա ազատ եք, կարող եք բիզնես անել, իսկ ո՞վ էր արգելել: Մինչեւ չասես, թե ո՞վ էր արգելել, չես կարող առողջացնել»: Պատգամավորը նաեւ կարծում է, որ հասարակությունը պիտի աջակցի կառավարությանը վերջինիս հայտարարած գործում: Տվյալ պարագայում նկատի ունի մաքսային, հարկային եւ այլ որորտների աշխատակիցներին, որոնք իրենց տեղերում պետք է հավուր պատշաճի վերաբերմունք դրսեւորեն. «Պիտի վերացնենք ու պայմանավորվենք` ոչ մի միջնորդություն էլ չի լինելու»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

10.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930