Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի հերթական ապտակը

Հունիս 11,2016 12:00

Բաքվի ուղերձը միջազգային հանրությանը.
եթե «տարածքները չվերադարձվեն», նոր ագրեսիա է լինելու

Ինչ կարող էր ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2016-ին ԵԱՀԿ-ում համանախագահող, Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչած, Հայաստան-Թուրքիա երկխոսության օգտին հանդես եկող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում, որպեսզի նրա հովանավոր Ռուսաստանը իրեն շոյված զգար… Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերը «կառուցողական» է՝ ասում է Ալիեւն ու հավելում. «Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ բարեկամական հարաբերություններ… Մենք Ռուսաստանը դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի գործելակերպը լիովին համապատասխանում է դրան»:

Առհասարակ, տարօրինակ է, երբ ԵԱՀԿ նախագահող երկրի կանցլերի հետ համատեղ ասուլիսում ոչ թե շեշտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը, այլ Մոսկվայինը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքուն, իհարկե, չի կարող նախկինի պես կոշտ քննադատել ԵԱՀԿ ՄԽ-ին, փոխարենը նրանք ընտրել են ԵԱՀԿ ՄԽ-ից Ռուսաստանը տարանջատելու քաղաքականություն: Դա միանգամայն հասկանալի է: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները Բաքվի համար «ռազմավարական դաշնակցի» են, Պուտինի պատկերացմամբ` «եղբայրական», իսկ սա նշանակում է, որ Ալիեւը Ղարաբաղի հարցում Պուտինից ակնկալում է ավելին, քան ԵԱՀԿ ՄԽ-ից ու եռանախագահող մյուս երկու երկրներից:

Ինչ է պետք, ուրեմն, ապրիլին սանձազերծած պատերազմից ու Մոսկվայից հրադադար խնդրած Ալիեւին այս փուլում: Հավատարմության հերթական երդումը տալ Մոսկվային եւ կրկին խոսել այն մասին, թե որքա՛ն փխրուն է հրադադարը: «Ղարաբաղում հաստատված հրադադարը կայուն չէ, ստատուս քվոն էլ՝ անընդունելի»,- ասում է Ալիեւը Մերկելի հետ համատեղ ասուլիսում ու կրկին հիշում «Ադրբեջանի կորցրած 20 տոկոս տարածքների», «հայկական օկուպացիայի», ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերի մասին: Գալով ապրիլյան ագրեսիային՝ Ալիեւը նշում է, թե Բաքուն կարողացել է վերականգնել վերահսկողությունը որոշ տարածքներում. «Սա դաս է, որը, կարծում եմ, Հայաստանի իշխանությունները չպետք է մոռանան: Մենք հավատարիմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը եւ հենց այդ նպատակով դադարեցրինք ապրիլյան բախումները:

Մենք չենք ուզում պատերազմ, մեզ խաղաղություն է պետք, մեզ պետք է վերադարձնել մեր տարածքները եւ կարգավորել խնդիրը»: Իսկ մայիսի վերջին անդրադառնալով Վիեննայում կայացած հանդիպմանը՝ Ադրբեջանի ղեկավարը նշել էր. «Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կմեկնարկեն շատ լուրջ, միջնորդների խոսքով՝ էական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»:

Այսինքն՝ միջազգային հանրությանն այսօր Ալիեւը ուղերձ է հղում. «եթե տարածքները չվերադարձվեն», նոր ագրեսիա է լինելու Ադրբեջանի կողմից, ինչը իր հերթին նշանակում է, որ խաղաղ բանակցությունների ներկայանալը Ալիեւի համար ընդամենը միջոցառում է, որից նա չի կարող հրաժարվել, որովհետեւ չի կարող մերժել համանախագահող երկրներին: Սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը օրերս հայտարարում էր, թե ԼՂ կարգավորման շուրջ շրջանակային պայմանավորվածությունների հասնելու համար կա հեռանկար՝ հետագայում իրավական պարտավորություն ունեցող փաստաթղթի ամրագրմամբ:

Ուշագրավ է, որ Մերկելի հետ ասուլիսում Ալիեւը հարկ համարեց արդարացնել Ռուսաստանի քաղաքականությունը իր երկիրը զինելու հարցում: «Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին, մեզ մոտ ալերգիա չի առաջացնում, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը զենքի խոշոր արդյունաբերող է եւ կարող է վաճառել այն ցանկացած երկրի: Այդ հարցը Հայաստանում է ալերգիա առաջացնում, սակայն, ի տարբերություն Հայաստանի, մենք զենքի դիմաց ողջ գինն ենք վճարում: Ընդ որում, գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում նաեւ Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, Բելառուսից եւ այլ շատ երկրներից, քանի որ արդիականացնում ենք մեր զինված ուժերը»:

Ի տարբերություն Ալիեւի նշած երկրների` ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ-ում եռանախագահող երկիր է, ինչը նշանակում է, որ նա պարտավոր է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բայց այստեղ կարեւորն այն է, որ «Մոսկվայի բիզնեսը» պաշտոնապես պաշտպանելու հարցում եւս մեկ «փաստաբան» է ի հայտ եկել: Հետաքրքրական է, որ Ալիեւի նման մտածող «փաստաբաններ» նաեւ Հայաստանում կան:

ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԵԱՀԿ մասնագետները զբաղվում են շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրման հարցերով. «Անցած շաբաթ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին փորձագիտական եզրակացությունները փոխանցել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին, սպասում ենք կողմերի եզրակացությանը»:

Հետաքրքրական է, թե այս կարեւորագույն հարցում Ադրբեջանի շարունակաբար երկարաձգվող պատասխանին ինչո՞ւ գնահատական չի տրվում մինչ այժմ: Եթե Ալիեւը հայտարարում է, թե իբր Ադրբեջանը ցանկանում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում, ապա այս փուլում շփման գծում եւ սահմաններում խաղաղություն հաստատելու առաջին քայլը հետաքննող մեխանիզմների ներդրման առաջարկը կյանքի կոչելն է:

Հաջորդ բացահայտ սադրիչ քայլը: Ալիեւը կրկին հայտարարում է, թե Ադրբեջանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական հզորությունը: Ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի առիթով՝ նա նշեց. «Մենք, իհարկե, ապագայում եւս պետք է ուժեղացնենք եւ ուժեղացնում ենք մեր ռազմական հզորությունը: Արդեն երկար տարիներ ընթանում է բանակաշինության գործընթացը: Բարձր մակարդակի վրա են գտնվում մեր բանակի մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովումը: Ներմուծվում, ինչպես նաեւ մեր երկրում արտադրվում են ամենաժամանակակից զենքերը, տեխնիկան: Ադրբեջանում արդեն արտադրվում է ավելի քան հազար անուն ռազմական արտադրանք»: Նրա խոսքով՝ ապագայում Ադրբեջանն այդ ուղղությամբ հավելյալ քայլեր է ձեռնարկելու, համապատասխան հրամաններն արդեն տրվել են. «Չեմ ցանկանում բացահայտել դրանք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նյութատեխնիկական հագեցվածության ու հավելյալ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ»:

Մինչդեռ ի՞նչ պայմանավորվածությունների էին եկել մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի, Ադրբեջանի նախագահները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ինչպես նաեւ Մինսկի խմբի երեք համանախագահները։ Հանդիպման արդյունքում միջնորդ երկրների տարածած հայտարարության մեջ նշվել էր հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության, սահմանային միջադեպերը վերահսկելու մեխանիզմներ ստեղծելու մասին, ինչպես նաեւ հաղորդվում էր, որ նախագահները համաձայնել են հաջորդ հանդիպումը անցկացնել հունիսին՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ։
Ալիեւը հունիսին ակնկալվող նախագահների մակարդակով հանդիպումից առաջ, փաստացի, կրկին անցել է «ավանդական մեթոդներին»: Նա հերթական ապտակն է հասցնում միջնորդ երկրներին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930