Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրյալ «ափիոնը» չի կշռվել, քանի որ չկա

Հունիս 11,2016 16:30

2012 թվականի Ամանորի տոներից 3 օր առաջ Արթուր Ալեքսանյանի ավտոտնակում բրնձի պարկերի մեջ հայտնաբերվեց թմրամիջոց:

Իսկ հունվարի 24-ին քաղաքացիական հագուստով մեկը Փափազյան եւ Սունդուկյան խաչմերուկում հարվածելով Վլադիմիր Խաչյանի գլխին, նրան նստեցրեց մեքենա, ուր գտնվողները հարվածում են նրան, ասելով՝ «թմրանյութ հյուրասիրի», ապա տանում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Վլադիմիրը հայերենին չի տիրապետում, առանց թարգմանի եւ փաստաբանի նրան զննում են՝ «հայտնաբերում» 1,8 գրամ ափիոն եւ հեռախոս: Հեռախոսի նոթատետրում գրված էր «Գրաֆ» անունը, որից ենթադրվել է, որ դա «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Լեւոնն է, որին նույնպես դատապարտել են ազատազրկման թմրամիջոցի գործով:

2013թ. հունիսի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված Վլադիմիր Խաչյանը դիմել է «Առավոտին»՝ խնդրելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին բարձրաձայնել, վերականգնել արդարությունը:

Նրա պաշտպանը դատարանում եղել է հանրային պաշտպանի գրասենյակից Ռաֆիկ Սաֆարյանը:

Վլադիմիր-Վովան մեղադրվել է ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու համար: Այդ մեղադրանքը նա չի ընդունում մինչ օրս, բողոքում է անվերջ, ասելով, թե իրեն ենթադրությունների հիման վրա են դատապարտել: Քննությամբ այդպես էլ չեն հայտնաբերվել վրացիներ Կախան եւ Զազան, որոնց իբր նա թմրամիջոց էր տվել:
Ըստ Վ. Խաչյանի, նման անձինք իրականում գոյություն չունեն:
Վլադիմիրը նախաքննության ժամանակ հաստատել է ենթադրյալ անունները, ասելով, թե նրանց թմրանյութ է իրացրել: Սակայն նրանք գոյություն չունեն… ոչ Անդոն, ոչ Լյովիկը, ոչ Արոն:

Պաշտպանական կողմը պնդել է, թե գործում չկա առգրավված թմրամիջոցը, իսկ քանի որ չկա, բնականաբար, չի հետազոտվել:

Պաշտպան Ռ. Սաֆարյանը, ըստ քրեական վերաքննիչ դատարան ներկայացրած իր բողոքի, հայտնել էր, թե «ենթադրյալ ափիոնը չի կշռվել, չի պարզվել դրա տեսակը, քաշը, բաղադրությունը»:

Իրանցի, մետաղի ջարդոնի առքուվաճառքով զբաղվող Թոլիբի Պարտոեւի եւ Վլադիմիրի ինքնախոստովանական ցուցմունքները կրել են ինքնազրպարտչական բնույթ, եւ չէին կարող պատասխանատվության ենթարկելու համար պարարտ հող ստեղծել: Ի դեպ, քրեական վերաքննիչ դատարանում իրանցին հայտնել էր, թե ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քննիչ Լ. Խաչատրյանը «իրեն առաջարկել էր, որպեսզի զանգի Թեհրան եւ թմրամիջոց պատվիրի, քննիչը խոստացել էր, որ բաց կթողնի»:
Ուշադրության արժանի է այն, որ Վ. Խաչյանը Հատուկ քննչական ծառայությունում 2015 թվականի հուլիսի 25-ին հաղորդում էր տվել, հայտնելով, թե ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իր գրպանը ափիոն են գցել, ապա տարել այդ նույն քննիչ Լ. Խաչատրյանի մոտ, որն էլ ծեծով եւ սպառնալիքներով իրենից կորզել է ինքնազրպարտչական ցուցմունքներ:

Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ 9 ոստիկանների նկատմամբ:
Այս տարվա ապրիլի 2-ին ՀՔԾ քննիչը քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացնում՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Մինչ օրս Վ. Խաչյանը պնդում է իրեն արդարացնելու պահանջի, իր անմեղության մասին:

Դատապարտյալն ասում է, որ թմրամիջոց չի օգտագործել, չի վաճառել, չի իրացրել:
Նրանք նախկինում միմյանց ճանաչել են քրեակատարողական հիմնարկից: Վլադիմիրը դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման բանդիտիզմի հոդվածով, եւ ազատվել էր 2009 թվականին: Իսկ Թոլիբին էլ նախկին պատժի կրումից ազատվելուց հետո, բնակվել է Վլադիմիրի բնակարանում:

Քրեական գործի նյութերում կա մի դրվագ, երբ Թոլիբին գնում է իր «թաքցրած» թմրանյութի հետքերով, հանդիպում «Աչկարիկ» Լյովայի հետ, սակայն նա հրաժարվում է թմրանյութը տալ, ասելով, թե այն «Գնդի Վաչոյի» մոտ է, որն էլ տվել է վրացի Զազային: Ի դեպ, այդ ժամանակ մեկ կիլոգրամը 5000 ԱՄՆ դոլար էր:
Այս գործով դատապարտվել է 4 անձ, սակայն վկաների մեծ մասը եղել են այլազգիներ, որոնցից շատերն անգամ Հայաստանում չեն եղել մինչ օրս:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

10.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել