Անկախությունը «ծնեց» արվեստագետների սերունդ, որը չսպասելով, ասենք, պետական աջակցության, համախմբվում է եւ իրականացնում տարբեր նախագծեր, անգամ՝ առաջին հայացքից խենթ թվացող:
«Առավոտը» դեռեւս 2013թ. զրուցել էր կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի հետ: Մեր իրականությունում հազիվ թե գտնվի գոնե մեկ ստեղծագործող, որը անձի հոգեկան ու հոգեբանական խնդիրները երաժշտության մեջ պատկերելուց առաջ զրուցած լինի կյանքում որոշակի ֆորս մաժորային իրավիճակում գտնված, ավելին՝ ինքնասպանության փորձ կատարածների հետ: Ալեքսանդրի «Ինքնասպանի գրառումները» ստեղծագործությունը բալետի վերածեց Ազգային օպերային թատրոնի բալետի մենապարող, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանը: Սա նրա առաջին բեմադրությունն էր: Ներկայացումը ցուցադրվեց ընդամենը մեկ անգամ:
Այս ալտերնատիվ բալետային հոգեբանական դրամայի մասին խոսվում է մինչ օրս: Վաղուց Ալեքսանդր Իրադյանը Հայաստանում չէ: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը 2014թ. մեկնեց Եվրոպա: Այդ առիթով մեր հետաքրքրությանը նա ընդամենը պատասխանեց. «Գուցե այստեղ ոչ մեկին հարկավոր չեմ… Իմ գործերով հետաքրքրված են Եվրոպայում: Օրինակ՝ ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն դիտելով Տիգրան Շահինյանի ռեժիսուրայով «Լսել վիզուալը» ֆիլմը, որտեղ օգտագործված է Երրորդ սիմֆոնիաս, ասել էր, թե տպավորված է երաժշտությամբ, մանավանդ որ այն նվիրված է Նոտրդամի 850-ամյակին: Ես էլ որոշեցի պարտիտուրը նվիրել հենց Փարիզին…»:
Մեզ հետաքրքրեց, թե որպես խորեոգրաֆ, «Ինքնասպանի գրառումներից» հետո ինչո՞ւ է լռել Արման Բալմանուկյանը: Մեզ հետ հանդիպման ժամանակ արվեստագետն ասաց, որ հունիսի 21-ին Ազգային օպերային թատրոնում կներկայացնի երկրորդ աշխատանքը՝ «Գիշերային մարդը»՝ ըստ գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Մաքս Ռիխտերի երկերի: Հետաքրքրությանը՝ նման հաջողությունից հետո ինչո՞ւ «Ինքնասպանի գրառումները» բալետային ներկայացումը չունեցավ 2-րդ, 3-րդ բեմելներ, մեր զրուցակիցը հակիրճ պատասխանեց. «Բեմադրությունն իրականացրել էինք մեր միջոցներով: Մի քանի անգամ այն ներկայացնելու համար գումար էր անհրաժեշտ, ինչը չունեինք, հետո՝ Ալեքսանդրը մեկնեց Եվրոպա…»:
Դիտարկմանը, թե «Գիշերային մարդը» բեմադրության վերնագիրն իսկ ասոցացվում է սիրո ու կրքի հետ, լիբրետոյի Արմանը հակադարձեց. «Ոչ, գիշերը միայն ձեր թվարկած հոգեվիճակները գլուխ չեն բարձրացնում: Գիշերային այլ վիճակներ ու հույզեր էլ կան, օրինակ՝ մելամաղձությունը, կարոտը, տառապանքը, ինչու չէ՝ անտերությունը…»: Ռեպլիկին՝ հավանաբար ինքը «գիշերային» մարդ է, իսկ մուսաները գալիս են գիշերը, Արմանի պատասխանը հակիրճ էր՝ թեկուզ այդպես: Հետո էլ Բալմանուկյանը հավելեց. «Իսկապես, գիշերն ունի նաեւ արտասովոր մթնոլորտ, եւ ես իմ գործընկերներիս մասնակցությամբ (նկատի ունի բալետի արտիստներին) կներկայացնեմ գիշերային խորության ապրածս ու զգացածս: Իմիջիայլոց, խորությունը հենց պարզության մեջ է: Իսկ մեծ հաշվով նպատակս է՝ պահպանելով դասականը, խթանել ժամանակակից բալետային արվեստը Հայաստանում»:
Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ինչո՞ւ իր «գիշերը» ներկայացնելու համար օգնության «հրավիրեց» օտարերկրացի կոմպոզիտորի, մեր զրուցակիցը նշեց, որ Ռիխտերը գերմանական ծագմամբ բրիտանացի կոմպոզիտոր է, հետո էլ հավելեց, թե մեզ մոտ դեռեւս չեն կատարվել այդ կոմպոզիտորի ստեղծագործությունները, մինչդեռ նա «դրսում» ճանաչված է նաեւ մոտ մեկ տասնյակ կինոֆիլմերի համար գրած երաժշտությամբ, իսկ 2008թ. Ռիխտերը «Վալս Բաշիռոմի հետ» ֆիլմի սաունդտրեկի համար արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի սահմանած «Լավագույն կինոկոմպոզիտոր» մրցանակին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
10.06.2016